Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է
POLITICSՎաղարշապատում ծավալվող վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ իշխանությունն անցել է բացահայտ ուժային գործողությունների՝ փորձելով ճնշել ընդդիմադիր դաշտը և վնասազերծել «Հաղթանակ» դաշինքի հաղթական ներուժը։ Երեկ և այսօր համայնքի մի շարք բնակարաններում իրականացված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական հետապնդում գնահատել դժվար է։ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և ավագանու թեկնածուների տներն իրար հաջորդելով խուզարկվում են, և դա տեղի է ունենում ոչ թե հանրային վտանգ կանխելու, այլ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու նպատակով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «իրականացնում է ապացուցողական և վարութային գործողություններ»։ Սակայն գործողությունների ընտրությունը, ժամանակը և թիրախավորվածությունը ցույց են տալիս մեկ պարզ բան՝ իշխանությունը չի կարողացել մարսել Վաղարշապատի ընտրություններում կրած պարտությունը։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը չկարողացավ ապահովել 50+ ձայն, չկարողացավ ստվերել «Հաղթանակ» դաշինքի իրական հանրային աջակցությունը, և հիմա դիմում է այն մեթոդին, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բնորոշ գիծ՝ ուժի, սպառնալիքի և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմանը։
Խուզարկությունների թիրախը «Հաղթանակ» դաշինքի անդամներն են՝ Կարեն Գևորգյան, Արմեն Դավթյան, Մայիս Մելքոնյան, Տիգրան Գևորգյան։ Նրանցից երկուսը Էջմիածնից են, երկուսը՝ Հայթաղից։ Սա պարզ քաղաքական ուղերձ է՝ իշխանությունն ուզում է մեկ հարվածով ոչնչացնել ընդդիմադիր կառույցի հնարավոր կազմակերպչական հենարանը, վախի մթնոլորտ ստեղծել և կանխել այն, ինչ նա անվանում է «վտանգավոր այլախոհություն»։
Իսկ այդ այլախոհությունն այսօր ունի մի շատ պարզ դրսևորում՝ Վաղարշապատի ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, և այդ քաղաքացիական ճշմարտությունը Փաշինյանի թիմը չի կարողանում ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց, և պարտությունը նրանց համար ոչ թե քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ է, այլ պատժելի «հանցանք»։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակում են այսօր տեղի ունենում խուզարկությունները՝ որպես կանխարգելիչ հարված ընդդիմադիր կառույցին։
Այն, ինչ տեսնում ենք Վաղարշապատում, իշխանության վարքագծի կրկնվող օրինաչափություն է։ Փաշինյանը տարիներ շարունակ կառուցել է իշխանությունը բացառապես ուժային ճնշումների, անհնազանդների դեմ կեղծ քրեական գործերի և քաղաքական հետապնդումների միջոցով։ Երկրում արդեն ձևավորվել է մի ամբողջ շերտ, որը կարելի է անվանել քաղբանտարկյալներ՝ մարդիկ, որոնք անցանկալի են իշխանության համար, և որոնց խնդիրը միայն մեկ բան է՝ խոչընդոտել Փաշինյանի կամքին։
Այս ֆոնի վրա առանձնահատուկ լրջությամբ է ընկալվում նաև Սամվել Կարապետյանի կալանքի երկամսյա երկարացումը։ Միևնույն օրակարգին զուգահեռ արդեն իջեցվել է նաև ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման որոշումը։ Սա իշխանական ճնշումների նույն տրամաբանության շարունակությունն է՝ հարվածել այն ազդեցիկ գործարարին, որը համարվում է անկախ տնտեսական ուժի խորհրդանիշ և չի ենթարկվում իշխանական կամքին։ Քաղաքական հաշվարկը պարզ է․ վախեցնել, կոտրել, մեկուսացնել, որպեսզի մնացածներին տրվի վերաբերմունքի հստակ մեսիջ՝ Փաշինյանի Հայաստանի մեջ անկախ դիրք ունեցող մարդը չի հանդուրժվում։
Այս ամենը միասին ձևավորում է փակ ու ճնշող միջավայր, որտեղ իշխանությունը հրաժարվում է ժողովրդի իրական ձայնը ճանաչելուց և ընտրում է ապօրինությունների ճանապարհը։ Էջմիածնում տեղի ունեցող խուզարկություններն ու Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները մեկ ամբողջության մաս են՝ գործող վարչախմբի վերարտադրությունը ապահովելու համար։ Իսկ այդ վերարտադրությունը հնարավոր է միայն մի պայմանով՝ քաղաքական հակակշիռների, այլակարծության և ազատ կամարտահայտության լիակատար ճնշմամբ։
Վաղարշապատի ընտրություններով ժողովուրդը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը։ Հիմա իշխանությունն է փորձում վերաձևել իրականությունը իրային հարմարեցված մեթոդներով։ Բայց որքան էլ փորձի, փաստը մնում է անփոփոխ․ ուժի կիրառումը երբեք չի կարող փոխարինել ժողովրդի կամքին, իսկ ճնշումները չեն կարող մարել այն քաղաքական էներգիան, որը մի ամբողջ համայնք արտահայտեց իր ընտրությամբ։



