Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին
ANALYSISԵվրամիությունը շտապում է միանալու Հայաստանում տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացին և իր սեփական շահն ունենալու։ Օրեր առաջ, հիշեցնենք, Եվրամիության երկրների դեսպանները՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ, հանդիպումների շարք էին ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Գրիգորյանի հետ։
Դեռևս այդ ժամանակ կասկած էինք հայտնել, որ Եվրամիության դեսպանների այս աննախադեպ ակտիվությունը և մեկ օրում նման հանդիպումների քանակը վկայում է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում միայն Միացյալ Նահանգներին մոտ թողնել, այսպես կոչված, «Թրամփի ուղուն», և փորձում են իրենք էլ ներգրավել այդ նախագծերում, առավել ևս, որ խորհրդարանական ընտրությունները սարերի ետևում չեն, և եթե նրանց ներգրավումը չփաստաթղթավորվի, ապա ընտրություններում Փաշինյանի պարտության դեպքում Եվրամիությունը կարող է ընդհանրապես դուրս մնալ այդ նախաձեռնություններից։
Երեկ էլ արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերդ Յան Կուպմանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հենց տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը Եվրոպական միության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե առանձնացվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկել են վերջինի շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման հեռանկարները։ Ըստ էության, խոսքը հենց «TRIPP» նախագծի մասին է, որը արդեն իսկ սկսում է միս ու արյուն ստանալ, ուստի և Եվրամիության երկրների լուրջ ակտիվացումն այս ուղղությամբ բավական տրամաբանական է, իսկ թե ի՞նչ կշահի այստեղ Հայաստանը, բարդ է ասել։
Մոնիկա Գուլքանյան



