Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դեռ չեն ավարտվել։ Նշենք, որ այս դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում։
Oragir.News-ը տեղեկացավ, որ Կառավարության վերոնշյալ ծրագրով հանրապետության բազմաթիվ դպրոցների շինաշխատանքներն ավարտվել են կամ ընթացքի մեջ են, որոշ դպրոցներում էլ շինարաշխատանքներն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հետաձգվել են։
Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի շինարարարական աշխատանքները պետք է ավարտվեին նախորդ ամիս՝ հոկտեմբերին, և այսօր, արդեն իսկ շահագործման հանձնված լիներ, սակայն, պարզվում է՝ աշխատանքները դադարեցվել են սույն թվականի հունիսից, և առայժմ հայտնի չէ՝ երբ ավարտին կհասցվեն։
«Մեզ մոտ այս ամառ, կարծեմ՝ հունիսն էր, դեպք պատահեց՝ բանվորներից մեկը շենքի քանդման ժամանակ պանելի տակ էր մնացել։ Բարեբախտաբար՝ մահ չէր գրանցվել։ Դեպքից հետո 6 ամսով հետաձգվեցին աշխատանքները։ Մեզ ասացին, որ 2026-ի հուլիսի 1-ին նոր կհանձնվի շահագործման»,- Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում պատմեց դպրոցի աշխատակիցներից մեկը։
Ճշտող հարցին, թե իսկապե՞ս դեպքի հետ է կապված շինաշխատանքների դադարեցումը, նա պատասխանեց․ «Վստահ չեմ, բայց ենթադրում ենք, որովհետև դեպքից անմիջապես հետո է դադարեցվել։ Մեզ այդպես փոխանցել են շինարարները»։
Oragir.News-ը հետաքրրքվեց, թե ինչպե՞ս են կազմակերպվում դասընթացները, ո՞ր դպրոցում։
«Դասերն անցկացվում են Ներսես Աշտարակեցու թիվ 1 դպրոցում։ Աշակերտները երկու հերթով են դաս անում։ Առաջին հերթի դասն ավարտվում է ժամը 14։20-ին, որից հետո դպրոց են գալիս երկրորդ հերթի՝ մեր աշակերտները և մնում մինչև 19։30»,- պատմեց դպրոցի մեր զրուցակիցը։
Ստացվում է՝ Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը, լավագույն դեպքում, շահագործման կհանձնվի 2026 թվականի հունիս-հուլիսին։ Իսկ թե որոնք են դպրոցի շինաշխատանքները դադարեցնելու իրական պատճառները, Oragir.News-ը կփորձի պարզել ԿԳՄՍՆ-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ



