Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի
ANALYSISՀանրային հեռարձակողի խորհուրդը երեկ նիստ է գումարել և ևս երկու տարով երկարաձգել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է այս օրերին։ Շուրջ հինգ տարի Մովսիսյանը ղեկավարել է Հանրայինը՝ այն վերածելով իշխանության վերահսկողությամբ գործող ալիքի։
Հանրային հեռուստաընկերությունում գրաքննությունը միշտ էլ եղել է, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք հարկատուների փողերով սնվող այդ ալիքը պարզապես հատել է բոլոր կարմիր գծերը։ Ընդ որում, իշխանությունը պարբերաբար ահռելի գումարներ է հատկացրել Հանրայինին։ Նախընտրական շրջանում էլ հենց Հանրային հեռուստատեսության վրա է դրված Փաշինյանի ու ՔՊ-ի քարոզչության, քաղաքական հակառակորդներին մրոտելու հիմնական առաքելությունը, իսկ «Ազատության» նախկին լրագրողը այդ հարցում իրեն արդարացրել է, ուստի օրենքի սողանքների կիրառմամբ ևս մի քանի տարի շարունակելու է պաշտոնավարել։
Ի դեպ, տարիներ շարունակ մամուլը գրել է, որ Հանրայինի վրա ծախսվող գումարների մի զգալի մասը փոշիացվում է։ Մեկ-երկու անգամ նույնիսկ ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողության ծառայությունն են ստուգումներ իրականացրել՝ խոշոր վատնումներ հայտնաբերելով, մասնավորապես՝ թանկ և ոչ ողջամիտ գներով մեկ աղբյուրից տեխնիկա գնելու հարցում, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել։ Դատելով իշխանության գործելաոճից՝ ոչ էլ հարուցվելու է։ Իսկ արդյունքում հարկատուները շարունակելու են իրենց գրպաններից վճարել Նիկոլ Փաշինյանի փնթի քարոզչության համար։
Ելենա Մարտիրոսյան



