Խաղադաշտում վետերաններն էին
SOCIETYՀեռավոր 1973 թվականին Երևանի «Արարատը» մարզական սխրանք գործեց՝ նվաճելով ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթը և բարձրագույն խմբի առաջնությունում գրավելով առաջին տեղը, ինչի համար թիմի ֆուտբոլիստներն արժանացան ոսկե մեդալների։ Դա աննախադեպ նվաճում էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ և մեծ խանդավառություն ու հպարտություն առաջացրեց մայր հայրենիքում և սփյուռքում։ Այժմ էլ ամեն մի հանդիպում լեգենդար թիմի ֆուտբոլիստների հետ տոն է բազմահազար ֆուտբոլասերների համար։
Նոյեմբերի 6-ին այդպիսի հնարավորություն ընձեռվեց նաև կապանցի հանդիսականին։ Կապան էին այցելել Երևանի «Արարատի» վետերանները, նրանց հետ էին «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարեկոն, Նորայր Մեսրոպյանը։ Սերգեյ Բոնդարենկոն տպավորված էր Կապանի մարզադաշտով, մանավանդ դրա խոտածածկով և ասաց, որ ինքը Երևանի «Հրազդան» մարզադաշտը հիշեց, որտեղ «Արարատը» տպավորիչ ելույթներ է ունեցել։
Ճիշտ է, առաջացած տարիքը հնարավորություն չընձեռեց նրանց խաղադաշտ դուրս գալ, ֆուտբոլային հանդիպմանը նրանք հետևում էին տրիբունայից, բայց միայն նրանց ներկայությունը մարզադաշտում ոգևորություն էր հանդիսականների համար։
Կանաչ խոտածածկի վրա ծավալված ֆուտբոլային պայքարն ավարտվեց «Արարատի» վետերանների հաղթանակով՝ 5 ։ 3 հաշվով։
Խաղադաշտ այցելած կապանցիները միակարծիք էին՝ նման հանդիպումներ հաճախակի պիտի կազմակերպել։
Ընկերական հանդիպմանը ներկա էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Ջհանյանը։



