Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում
ANALYSISՆիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները երեկ էլ Թալինի Սուրբ Աստվածածնի եկեղեցում են մասնակցել պատարագին, այս անգամ կաթողիկոսի դեմ ընդվզած մեկ այլ հոգևորականի՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ։ Ավելի վաղ Փաշինյանը երկու պատարագի մասնակցել էր Հովհաննավանքում՝ կարգալույծ արված Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագներին։ Այժմ էլ անցել է Թալինի եկեղեցուն։ Այդուհանդերձ, երրորդ պատարագն էլ չափազանց սակավամարդ է եղել։ Բայց դա չի խանգարել Փաշինյանին հայտարարելու, որ արդեն նոյեմբերի 16-ին կմասնակցի Վայոց Ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին՝ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ։
Ըստ էության՝ Փաշինյանին հաջողվել է իր կողմը գրավել ընդամենը չորս հոգևորականների, որոնցից երկուսին Հայ առաքելական եկեղեցին արդեն կարգալույծ է հռչակել։ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ այլևս հետքայլի հնարավորություն չկա և շարունակելու է իր այս գործողությունները՝ անկախ նրանից, որ Գերագույն հոգևոր խորհուրդը ամբողջ կազմով աջակցություն էր հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին։ Թե ինչ ռազմավարություն ունի մշակած Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ չի հաղորդում։
Թեպետ նա հայտարարել էր, որ Վաղարշապատում մեծ հանրահավաք է գումարելու, որտեղ քննարկելու են միայն հոգևոր հարցեր, իսկ դրանից հետո էլ տեղի է ունենալու նաև գրոհը Վեհարանի վրա, բայց այսօր արդեն նոյեմբերի 10-ն է, իսկ Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մնացել է ընդամենը վեց օր։ Եվ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը կհասցնի՞ մինչև ընտրությունների օրն իրականացնել իր մտահղացումը։ Թեպետ չի բացառվում, որ վարչական ռեսուրսի չարաշահմամբ հաջողվի բավականին մեծ բազմություն հավաքել, բայց և փաստն այն է, որ այս պահի դրությամբ Փաշինյանի ջանքերը ձախողվում են։
Նարե Մխիթարյան



