Ներքաղաքական գզվռտոցն ու Թաքեր Կարլսոնի հարցազրույցը
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում հաղթանակի շքերթը, ինչը, ըստ էության, մեր բոլորիս ամոթն է։ Անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն ներքաղաքական դաշտում կրկին շարունակվում է գզվռտոցը՝ փոխադարձ մեղադրանքներով, որոնց միակ նպատակը միմյանց սնուցելն ու մեկի ազդեցությունը մյուսի հաշվին ուժեղացնելն է։ Մինչդեռ երկու կողմերն էլ վաղուց սպառվել են և կորցրել իրենց քաղաքական ակտուալությունը։
Այս ամենի ֆոնին կարելի է առանձնացնել միայն մեկ դրական իրադարձություն՝ Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի և փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որը հրապարակվեց հենց այսօր։ Հարցազրույցում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը հավաքական Արևմուտքի լռության պայմաններում իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, խախտել նրանց իրավունքները և վտարել հայրենի հողից։ Քննարկվել է նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը։
Կարլսոնի բազմամիլիոնանոց միջազգային լսարանին փաստարկված և գրագետ ձևով է ներկայացվել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը: Մի գործ, որ պետք է առաջնային իրականացվեր Հայաստանի կառավարության կողմից։ Ու հատկանշական է, որ այդ հարցազրույցի հրապարակումը համընկել է հենց Բաքվում անցկացվող շքերթի հետ։



