Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը
ANALYSISՏևական լռությունից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է թե՛ 2018 թվականի իշխանափոխության իրադարձություններին և թե՛ դրանից հետո գործող իշխանությունների վարած խայտառակ քաղաքականությանը, որի հետևանքով էլ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և Հայաստանը պարտություն կրեց։
Երրորդ նախագահի բոլոր հայտարարություններին անդրադառնալը առանձին մեծ վերլուծության նյութ է։ Միայն նշենք, որ իր հարցազրույցում Սարգսյանը չակերտներ բացեց, թեև ոչ ամբողջությամբ, մի քանի սկանդալային հայտարարություններ անելով։
Մասնավորապես, ըստ Սերժ Սարգսյանի, Փաշինյանը 2018 թվականի շարժման ժամանակ Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկիին ասել է, թե իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։ «Ո՞վ է իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել», - ասել է նա։
Փաստացի, Սարգսյանն ինքն էլ ընդունում է, որ իշխանափոխության ժամանակ Փաշինյանին աջակցություն եղել է նաև գործող իշխանության ներսից, ընդհուպ նման բարձր պաշտոն են առաջարկել, ինչին վերջինս, սակայն, չի համաձայնվել կամ էլ համաձայնվել է մասամբ։ Ու այդուհանդերձ, էական հանգամանքն այստեղ այն է, որ երրորդ նախագահը, որը միայն կարճ ճեպազրույցներ էր տալիս լրագրողներին, այժմ արդեն էլ միանում է ակտիվ քաղաքական պրոցեսներին և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լուրջ բացահայտումներ անում։ Ինչն էլ, նշենք, գործող իշխանությունների խուճապի պատճառն է։
Սոնա Թադևոսյան



