Ինչպես մարդկությունն սկսեց արդեն ծորակում խառնել տաք ու սառը ջրերը, և ի՞նչ կապ ունեն հայերն այդ գյուտի հետ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Իր պատմության ընթացքում մարդկությունը հորինել է տարբեր սարքեր` սեփական աշխատանքը հեշտացնելու և հարմարավետ կենսապայմաններ ստեղծելու համար: Այդ սարքերից մեկն էլ ջրի խառնիչ ծորակն է: Այսօր այդ պարզ սարքը կա յուրաքանչյուր տանը, բայց քչերը գիտեն դրա ստեղծման պատմությունը։
Կյանքն առանց ջրի անհնար է, բայց սառը ջրով լողանալը կամ երբեմն նույնիսկ ձեռքերը լվանալը հարմարավետ չէ, ուստի անհիշելի ժամանակներից մարդիկ սկսել են օգտագործել հատուկ սարքեր:
Աշխարհի առաջին ջրախառնիչի գյուտի հեղինակը եղել է հին հույն մեխանիկ Հերոնը: Նրա սարքը արտաքինից նման չէ ժամանակակից անալոգներին, բայց ֆունկցիոնալությամբ շատ չի տարբերվում: Հերոնի խառնիչը մետաղական խողովակ էր՝ մեջտեղում անցք ունեցող, որի մեջ մտցվում է մխոցային լծակ՝ ծայրում փոքրիկ բռնակով, որը կարգավորում էր ջրամատակարարումը: Նման սարքը շատ տարածված էր Հին Հունաստանում, հետո նորարարությունն ընդունվեց հռոմեացիների կողմից: Նրանք չփոխեցին ջրախառնիչի կառուցվածքը, բայց տվեցին ավելի շատ արտաքին գեղեցկություն և գեղագիտություն: Հռոմի անկման հետ ջրախառնիչները երկար ժամանակ մոռացության մատնվեցին մինչև միջնադարի սկիզբը: Այն ժամանակաշրջանին բնորոշ տենդերը, ժանտախտը և տարբեր համաճարակներն ստիպեցին առաջնային պլան մղել տարրական հիգիենայի հարցերը։ Սակայն այն ժամանակ միայն հարուստ եվրոպացիները կարող էին իրենց թույլ տալ խառնիչներ ունենալ իրենց տներում։
Խառնիչի հետագա զարգացումը կապված է բրիտանացի գյուտարար Ջոզեֆ Բրեմի անվան հետ։ 1783 թվականը դարձավ նշանակալի տարի։ Հենց այդ ժամանակ Բրեմը նախագծեց խառնիչ, որը բաղկացած էր ջրի 3 պտուտակավոր ծորակներից։ Մեկից հոսում էր սառը ջուր, մյուսից՝ տաք, իսկ երրորդից՝ խառը ջերմաստիճանների ջուր։ Սակայն գյուտը չարմատավորվեց կառուցվածքի բարդության և մեծության պատճառով։
1920 թվականին թողարկվել է ջրախառնիչ ծորակի մոդել, որը հեշտ էր տեղադրել և օգտագործել։ Գյուտի հեղինակը Ուիլ յամ Թոմփսոնն էր, որը լայն հանրությանը հայտնի էր որպես լորդ Քելվին։ Նրա խառնիչն ուներ երկու փականային համակարգ և պատրաստված էր մետաղից։ Շուտով ամբողջ աշխարհում սկսվեց հենց այդ տեսակի խառնիչների զանգվածային արտադրությունը։
Բայց առաջընթացը շարունակվում է։ 1954 թվականին ամերիկահայ գործարար և բարերար Ալեք Մանուկյանը հանրությանը ներկայացրեց մեկ փականային ջրախառնիչի մոդելը: Նրա սարքը տարածված դարձավ հասարակ մարդկանց շրջանում, սկսվեց դրանց զանգվածային արտադրությունը։
1990-ականների սկիզբը ջրախառնիչ ծորակների համար նշանավորվեց գեղեցիկ դիզայնից դեպի էրգոնոմիկա և ֆունկցիոնալություն անցումով: Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկան էլեկտրոնային ջրախառնիչները, որոնք իրենց հերթին բաժանվեցին ջերմակարգավորիչների և զգայականների:
Հաշվի առնելով ծորակ–խառնիչների անցած ամբողջ ուղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հեշտ է կռահել, որ այդ սարքերի էվոլ յուցիան դեռ չի ավարտվել, և ապագայում մենք կտեսնենք գյուտարարների և նորարարների նոր հետաքրքիր լուծումներ՝ կապված այնպիսի առօրյա «մանրուքի» հետ, ինչպիսին է ջրի ծորակ–խառնիչը։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



