«Հռչակագրային, պաթետիկ, հեքիաթային տեքստերով խաղաղություն չեն կառուցում, դա ընդամենն իմիտացիա է». «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հնարավորության և այլ հարցերի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Հովասափյանի հետ։
-Պարո՛ն Հովասափյան, ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնի փաստաթղթի շուրջ ստեղծված աժիոտաժը, այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը». արդյո՞ք սա իրական գործընթաց է, թե ավելի շատ նախընտրական քարոզչական քայլ։
-Երբ հարցին նայում ենք գլոբալ աշխարհաքաղաքական տեսանկյունից, տեղի ունեցածը, ըստ էության, ավելի շատ հիշեցնում է մի թատերական շոու, որտեղ կողմերը փորձում են իրենց համար ցանկալի ինչ-որ եզրեր գտնել մի աբստրակտ երևույթի շուրջ։ Փաշինյանը ներքաղաքական օրակարգում ունեցավ սպառելու համար մի կարևոր, մեծ հաղթաթուղթ։ Ալիևը, ոչ մի փոխզիջում կամ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ չներկայացնելով, ստացավ միջանցք։ Նկատում ենք, որ փաստացի գետնի վրա կա միջանցքային տրամաբանություն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում են ամեն հնարավոր տարբերակներով ներկայացնել, որ դա միջազգային վերահսկողության ճանապարհ է և այլն։ Գետնի վրա իրականությունն այն է, որ հենց տեղում Թրամփը, «corridor» տերմինն օգտագործելով, խոսում էր միջանցքի մասին։ Ալիևը գրեթե ամեն օր հիշեցնում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իր գաղափարն է, որ նա է այն կյանքի կոչել, միս ու արյուն տվել դրան, բերել միջազգային օրակարգ։ Միջազգային բոլոր հարթակներում նա փորձում է հնարավոր տարբերակներով տիրաժավորել «միջանցք» տերմինը, մարդը հասկանում է, որ ստացել է միջանցք։ Թրամփն իր ընտրվելուց հետո աշխարհին խոստանում էր, որ խաղաղություն է բերելու, սակայն տեսանք, որ իշխանության գալուց հետո ընդամենն իմիտացիաներ է ստեղծում։ Հակառակը՝ ականատես եղանք իրանյան պատերազմին, Գազայի ցեղասպանությանը, հութիների խնդրին Եմենում, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը, որը նա, իր խոսքով, պետք է դադարեցներ ժամերի ընթացքում, շարունակվում է։ Իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պարագայում Թրամփը փորձեց ցույց տալ, որ խնդիրը փակեց։ Արդյունքում, երեք կողմն էլ ինքնաբավ էին տվյալ թղթով։ Հայաստանը փաստացի կորցրեց իր գործոն լինելու հնարավորությունը՝ դառնալով գործիք։ Բոլորը խաղում են Հայաստանի վրա, փորձում են ինչ-որ բան պոկել ու ստանալ Հայաստանից, դա ձեռք է տալիս Փաշինյանի արտաքին տերերին։ Իրենց համար տվ յալ տարածաշրջանը աշխարհաքաղաքական լրջագույն աղեղ է, այստեղ փորձում են դիրքավորվել, իրենց համար կոմունիկացիոն նպաստավոր պայմաններ ստեղծել։ Ամերիկան շահագրգիռ է 100 տարով վարձակալել ճանապարհը, երկաթուղի, գազամուղ և այլն կառուցել, քանի որ Մերձավոր Արևել քի, կոնկրետ Իրանի նկատմամբ ունի ամբիցիաներ։ Սակայն այս ամենի մեջ այստեղ ամենաառանցքայինն այն է, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։ Հավանաբար, երբ Հայաստանում մոտենա նախընտրական շրջանը, իշխանությունները կփորձեն դրան միս ու արյուն տալ, որպեսզի մարդու հիշողության մեջ այն թարմանա։
-Ձեզ համար նպատակահարմար և իրատեսակա՞ն է, արդյոք, Հայաստան–Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին այս փուլում խոսելը՝ հաշվի առնելով տարածաշրջանային վտանգները։
-Այս հարցն արժեքաբանական և գոյաբանական լրջագույն ենթահարցեր ու ենթաշերտեր պարունակող խնդիր է։ Ժողովուրդները դարերով ապրում են կողք կողքի, և նրանց մոտ միմյանց նկատմամբ վստահության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները չեն կարող մեկ օրում ձևավորվել։ Հարցը վերաբերում է էթնիկ, գենետիկ մակարդակներում ունեցած հակասություններին և խոր գոյաբանական տարաձայնություններին։ Չմոռանանք, որ Ադրբեջանն իրեն համարում է թուրքական պետության առանցքը, և ամեն անգամ փորձում է «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը բերել օրակարգ, չնայած Ալիևի և Էրդողանի ջրերն էլ մեկ առվով չեն հոսում։ Տեսանք թյուրքական գենի ֆակտորը. 100 տարի առաջ թուրքերը ցեղասպանություն կատարեցին, 100 տարի հետո Արցախում ցեղասպանություն կատարեց Ադրբեջանը։
-Կարծում եք, որ ներկայիս իշխանությունների կողմից խաղաղության մասին արված հայտարարությունները ավելի շատ արտաքին PR-ի մաս են, քան իրական քաղաքական ծրագի՞ր։
-Իմ կարծիքով, միայն անադեկվատ և պսիխոզ ունեցող մարդը կերազի պատերազմի մասին։ Գալակտիկայում չկա մի առողջ հասարակություն ու մտածող, բանական էակ, որ մտածի պատերազմի, արյան, քաոսի, հեղհեղուկ վիճակների, ցնցումների մասին։ Իսկ եթե նայում ենք Փաշինյանի տրամաբանությանը, ի՞նչ է նա անում։ Փաշինյանը տեսարանների, մարդկանց իրավիճակներ մատուցելու հարցում մեծ մոդերատոր է։ Մարդկանց զգացմունքների վրա խաղալով՝ փորձում է նուրբ լարը գտնել։ Նա կարողանում է կարդալ հասարակության ցանկությունները, հասարակությանն ասում է՝ ձեզ ինձանից լավ ոչ մեկ չի ճանաչում։ Դա միակ դեպքն է, որ իր հետ համաձայն եմ։ Ճանաչելով հանրույթի զգայունությունն ու խոցելի, թիրախային կետերը՝ գիտի, թե տվյալ փուլում որ արժեհամակարգի որ բաղադրիչի վրա խաղալ, որպեսզի մարդիկ թուլանան։ Մարդուն թուլանալու համար պետք է խաղաղ ապրի, փող աշխատի, իր ընտանիքը պահի, երեխաներին մեծացնի, հասցնի նպատակին և այլն։ Փաշինյանի «խաղաղության ֆենոմենը» մեծագույն բլեֆ է։ Արցախի մասին է խոսում, բանակցությունների, այլ թեմաների։ Իր մեկնությամբ, նա բարձրաձայնում է այն հարցերը, որոնց մասին մարդիկ լռել են։ Նրա կողմից բարձրացվող բոլոր հարցերը փոխկապակցված են, հատվածական հարցեր չեն, և ամբողջ համակարգի մի փոքրիկ էլեմենտն են։ Նա ոչ մի բան պատահական չի ասում։ Իր բոլոր քայլերը հստակ են։ Ուղիղ եթերում սրտիկներ է ցույց տալիս և այլն։ Դրանք մարդկանց ենթագիտակցության վրա ազդեցության միջոցներ են, որոնք նա կիրառում է։ Ասում է՝ ժողովուրդ ջան, հասարակ մարդ եմ, ձեզանից մեկն եմ, ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ցավը տանեմ և այլն։ Սրանք բոլորը մի փաթեթի մեջ մտնող երևույթներ են և՛ ներքին լսարանի համար՝ խաղաղությունը «ծախելու» տեսանկյունից, և՛ արտաքին աշխարհի համար, որ ասի՝ այսքան չարչրկված հարցը գրչի մի հարվածով լուծեցի։ Իրեն հակադրվողներին ներկայացնում է որպես ռևանշիստներ, 5-րդ շարասյուն, ագենտուրա՝ լինելով գլխավոր կոլաբորացիոնիստը, որը փորձում է իրականացնել բացառապես արտաքին շահի օրակարգը Հայաստանում։
-Ի՞նչ վտանգներ եք տեսնում այն դեպքում, երբ խաղաղության թեման ներկայացվում է որպես արագ լուծելի և դառնում է նախընտրական շահարկման գործիք։
-Ընտրություններին իր համար առանցքային թեման լինելու է խաղաղության «դրոշակը»։ Որոշ ժամանակ առաջ համոզմունք ունեի, որ հնարավոր է՝ գնա արտահերթ ընտրությունների։ Նա էքստրավագանտ կերպար է և ցանկացած փուլում կարող է կտրուկ շրջադարձային իրավիճակների գնալ՝ անցնելով պլան Բ-ի կամ Գ-ի։ Այնուամենայնիվ, հերթական ընտրություններին «խաղաղության» ֆիշկան լինելու է առաջինը, որը նա փորձելու է մարդկանց ներկայացնել որպես գլխավոր ձեռքբերում։ Նա փորձում է կյանքի կոչել խաղաղության գաղափարը, բայց հակառակ կողմից տեսնում ենք այլ հռետորաբանություն։ Ադրբեջանցիները մի ձեռքով ասում են, որ, այո՛, ունենք օրակարգ և այլն, բայց պետք է փոխեք Սահմանադրությունը։ Վերջերս Արարատ Միրզոյանը խոսում էր ինչ-որ նախապայմանների մասին։ Սահմանադրության մասով Հայաստանի իշխանություններն ասում են, որ այն, այսպես թե այնպես, փոխելու էինք, դեռևս 2018 թվականին դրա մասին խոսում էինք, բայց համավարակ, հետո պատերազմ եղավ, գործընթացն առկախեցինք։ Դա նույն «կրուտիտի» ժանրից է։ Երբ Ադրբեջանն ինչ-որ գաղափար է առաջ քաշում, սկզբում հերքում են այն, հետո մի քիչ ձևափոխում և ներկայացնում են որպես իրենց նախաձեռնություն։
Ադրբեջանը հայտարարում է, որ մեր երկար կոնֆլիկտը լուծվեց, ստորագրեցինք փաստաթուղթը և այլն, բայց շարունակում է պաշտպանության ծախսերի բյուջեն կրկնապատկել, զենքերի նոր տեսակներ ձեռք բերել։ Կործանիչներն ո՞ւմ դեմ են կռվելու։ Հայաստանի իշխանությունները կրճատում են պետական պաշտպանության ծախսերը, ժամկետային զինծառայության ժամկետը։ Պաշտպանության նախարարն ասում է՝ կրճատում ենք, բայց մեր համակարգում կադրային պակաս չենք ունենալու, քանի որ դա լրացվելու է զորավարժությունների միջոցով։
Այսինքն, մի ձեռքով աճպարարություն են անում, մյուս ձեռքով՝ փորձում արածների համար նոր ծխածածկույթ ապահովել։ Խաղաղությունը կյանքի կոչելու համար երկու կողմն էլ պետք է համաձայն լինի։ Հիշեք մեկ փաստ՝ նախընտրական ժամանակաշրջանում Ալիևը չէր կրակում, ամեն ինչ խաղաղ էր, մինչև Փաշինյանը վերընտրվեց։ Հետո նորից կրակոցներ, նորից զոհեր, հիշեք Ջերմուկի, Սոթքի իրադարձությունները։ Դեժավյուի մեջ ենք։ Չեմ ուզում մարդկանց վախ ներշնչել, բայց նման մի բանի ականատես եղել ենք, իսկ ո՞վ է ասում, որ նույնը երկրորդ անգամ չի լինելու այն դեպքում, երբ դիմացդ Ալիևի նման մեկն է։
-Կա՞ արդյոք մտահոգություն, որ, այսպես կոչված, խաղաղության գործընթացը կարող է օգտագործվել հասարակության մեջ կեղծ սպասումներ ձևավորելու համար։
-Երբ խոսում ենք խաղաղության օրակարգի և հասարակության մասին, պետք է որոշակի շերտավորումներ կատարենք։ Հասարակության գիտակից հատվածը, որը քիչ թե շատ քաղաքականացված է, հետևում է գործընթացներին, ունի իր, իր երեխայի ապագայի վերաբերյալ մտահոգություններ, և ընդհանրապես՝ հայրենիքի, երկրի մասին մտահոգ ցանկացած գիտակից քաղաքացի հասկանում է, որ սա իրավիճակային, աշխարհաքաղաքական առկա պրոցեսին համահունչ ստեղծված արհեստական թղթե կառույց է, որը չունի նյութական հիմք, բազային կոնտենտ, որի շուրջ պետք է կառուցվի այդ «տունը»։ Հռչակագրային, պաթետիկ, հեքիաթային տեքստերով խաղաղություն չեն կառուցում, դա ընդամենն իմիտացիա է։ Երբ քպական պատգամավորները ասում են, որ ընդդիմությունը պատերազմ է ուզում, նրանք փորձում են մանիպուլացնել, մարդկանց իրականությունից կտրել և մատուցել իրենց գեղեցիկ փաթեթավորած «կոնֆետը»։ Բայց հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Խաղաղություն ասելով՝ խաղաղության չեն հասնում, այն պետք է վաստակես։ Ինչի՞ հիման վրա ես խաղաղություն հաստատում։ Դու ասել ես, որ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց մինչ օրս Ալիևը փաստացի չի ասել, թե ինքը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ինչ սահմաններում է ճանաչում։ Հասարակության մյուս շերտը, որը կտրված է քաղաքական գործընթացներից, չունի տեղեկատվական առաջնային հասանելիություն, սնվում է իշխանության ստերով, ամբողջությամբ իշխանության քարոզի տակ է, մարդկանց չեն թողնում ինքնուրույն մտածել, այսինքն՝ մատուցում են բացառապես իրենց ուզած ինֆորմացիան, մարդուն դարձնում են մանկուրտ։ Դա նիկոլական իշխանությունը փորձում է անել վերջին ութ տարվա ընթացքում։ Մարդկանց ներկայացնում են իրեն ցնդաբանությունները, չեմ խորշի այդ բառից, որպես փիլիսոփայական բացարձակ ճշմարտություններ։ Իրենց պետք չեն մտածող մարդիկ։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



