Հոկտեմբերի 27-ին փաշինյանական իշխանությունը չի բարեհաճում «Եռաբլուր» գնալ
SOCIETYԱյսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է։
25 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը։
Ահաբեկիչներն էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը և Դերենիկ Բեջանյանը։
Ավանդաբար ամեն տարի միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն Ազգային ժողովի տարածքում, այլ նաև «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ հուղարկավորված է Վազգեն Սարգսյանը, Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ հուղարկավորված է Կարեն Դեմիրճյանը։ Իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը գրեթե ողջ կազմով ժամանում էր պանթեոններ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված պետական գործիչների հիշատակին։
Արդեն մի քանի տարի շարունակ փաշինյանական իշխանությունը, որը առիթը բաց չի թողնում նախկին իշխանություններին մեղադրելու հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ, չի բարեհաճում ընդհանրապես գնալ «Եռաբլուր»՝ վախենալով հնարավոր բողոքի գործողություններից։
Այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ թե անձամբ է ներկայացել «Եռաբլուր», այլ տաքսիով ծաղկեպսակ է ուղարկել, ինչպես և անցած տարի։ Փաստացի, պաշտպանության նախարարը հրաժարվել է գալ «Եռաբլուր»։ Նույնը տեղի է ունեցել նաև Փաշինյանի դեպքում. նա միայն ԱԺ է ուղևորվել և ծաղիկ է զետեղել հուշարձանին։
Հովհաննավանքում ֆեյք պատարագների մասնակցող այս զանգվածը նույնիսկ հարկ չի համարում հարգել իրենց կոալիցիոն գործընկերոջ եղբոր մահվան տարելիցը։ Փաստացի՝ փաշինյանական իշխանությունը ինքը չի հարգում հենց ահաբեկչության զոհերի հիշատակը։
Սա պետք է որ մտածելու տեղիք տար թե՛ Արամ Սարգսյանին, և թե՛ վերջինիս կողմնակիցներին, բայց դատելով նրանց գործողություններից՝ կարծես թե առանձնապես հուզված չեն այդ կապակցությամբ։
Լիլիթ Վարդանյան



