«Մոլդովական սցենարի» գործարկումը սկսված է, քաղաքական դաշտը վերածվում է փորձադաշտի
ANALYSIS
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները գնալով ավելի տեսանելիորեն վերածվում են համակարգված բռնաճնշումների շարքային դեպքերի փոխարեն ամբողջական մոդելի ակտիվացման։ Իշխանության գործողությունները հիշեցնում են այն մեխանիզմները, որոնք մի քանի տարի առաջ կիրառվեցին Մոլդովայում․ նախ սահմանափակվում են ընդդիմադիր դաշտի ակտիվ դեմքերը, ապա քաղաքական համակարգը վերափոխվում է այնպես, որ մրցակցությունը դառնա վերահսկելի և կանխատեսելի։ Այս մոդելի էությունը կայանում է նրանում, որ ճնշումները չեն կիրառվում միայն այն դեպքում, երբ արդեն կա գործողություն, այլ օգտագործվում են որպես կանխարգելիչ գործիք՝ հնարավոր ապագա ազդեցիկ դեմքերին դեռևս ռիսկ դառնալուց առաջ չեզոքացնելու համար։
Վերջին ամիսներին բազմաթիվ ձերբակալություններ, քրեական գործերով վախեցման մեխանիզմների գործարկում ընդդիմադիր գործիչների և համայնքապետերի դեմ, հանրահավաքներից հետո սկսվող տեղեկատվական հարձակումներ, պետական ռեսուրսներով կազմակերպվող վարկաբեկման արշավներ ցույց են տալիս, որ իշխանությունը փորձում է քաղաքական դաշտը վերածել փորձադաշտի՝ հասկանալու համար, թե ինչ աստիճանի ճնշում է հնարավոր կիրառել առանց լայն հասարակական դիմադրության առաջացման։ Այս մոտեցումը բնորոշ է այն պետություններին, որտեղ ընդդիմադիր համակարգը մնում է ձևական՝ ապահովելով մրցակցության պատրանք, սակայն զերծ լինելով իրական ազդեցությունից։
Այս ընդհանուր ֆոնի ներքո առաջիկա Վաղարշապատի համայնքային ընտրությունները դառնում են այս մոդելի առաջին լուրջ թեստը։ Դրանք պարզապես տեղական ընտրական մրցակցություն չեն լինելու, այլ գնահատման միջոց, թե որքան հաջողությամբ կարող է իրականացվել «ընտրովի» ընդդիմության սկզբունքը, երբ իշխանությունն ամեն կերպ փորձում է թույլ չտալ իրական ընդդիմադիր հաղթանակ։ Եթե ընդդիմադիր թեկնածուի հնարավոր հաղթանակը կանխվում է ճնշումների, դատավարական գործիքների և վախի մթնոլորտի կիրառմամբ, ապա դա իշխանության համար դառնում է ցուցիչ՝ մոդելի արդյունավետության հաստատվելու առումով։ Մյուս կողմից՝ եթե համայնքային ընտրությունները վերածվում են իրական պայքարի և առաջացնում են հասարակական արձագանք, դա կարող է կանգնեցնել գործընթացը կամ գոնե ստիպել իշխանությանը փոխել տակտիկան։
Այս ամենը վկայում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է կարևոր սահմանագծի վրա։ Եթե ընթացիկ զարգացումները շարունակվեն նույն ուղղությամբ, և ճնշումները վերածվեն ինստիտուցիոնալացված պրակտիկայի՝ առանց հանրային դիմադրության կամ քաղաքական համակարգի ներսում հակակշիռների ձևավորման, ապա ընդդիմադիր համակարգը կվերածվի սահմանափակված դաշտի, որտեղ գոյատևումը հնարավոր կլինի միայն իշխանության սահմանած կանոններով։ Այդ դեպքում հանրային քաղաքականությունն աստիճանաբար կկորցնի իր ազատ մրցակցային բնույթը՝ վերածվելով վերահսկվող գործընթացի, որտեղ գործող անձանց ընտրությունը նույնպես կդառնա արտաքինից պայմանավորված։



