Անթաքույց ակնարկ. գոտի է, որ ձգելու ենք. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս, ցույց տալու համար, որ ինքն «առաջվա Նիկոլն» է, սովորական, հասարակ, շարքային մի մարդ, «մեզանից մեկը», Նիկոլ Փաշինյանն իբր պատահաբար մտավ մի արհեստանոց ու վարպետին խնդրեց տաբատի գոտու վրա մի երկու լրացուցիչ անցք բացել: Ասել կուզի՝ նիհարել է: Կողքից նկատեցին, թե՝ հեծանիվից կլինի: Մի խոսքով, սրտաճմլիկ ու հուզիչ տեսարան: Բայց այս ամբողջի մեջ մի պահ շատերի աչքից վրիպեց կամ առնվազն մեծ ուշադրություն չդարձվեց դրան: Խոսքն այն մասին է, որ իր այդ «գոտիապատումը» նա վերնագրել էր. «Գոտին ձգելու ժամանակը»:
Նման ձևակերպումը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից է արվում, խիստ չարագուշակ է հնչում: Տպավորություն կա, որ դա չափազանց թափանցիկ ակնարկ էր այն մասին, որ մոտենում են էլ ավելի ծանր ժամանակներ, ու ժողովուրդը ստիպված է լինելու «գոտիները ձգել»: Մի խոսքով, «լավ չես ապրելու», այս դեպքում՝ Պողո՛ս ջան: Այլ կերպ անհնար է մեկնաբանել գոտու վրա լրացուցիչ անցքավորման այդ ցուցադրությունը, առավել ևս՝ «վերնագրումը»: Հարկավ, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի ձախավեր կառավարման հետևանքով Հայաստանի բնակչությունը (քպականներին ու նրանց մերձավոր հարազատ-բարեկամներին հանած) արդեն մի քանի տարի շարունակ «գոտիները ձգելու» վիճակում է: Ավելին, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների աճը չի դադարում: Երկրի պետական պարտքի մասին էլ չասենք, որ միայն Փաշինյանի կառավարման շրջանում կրկնապատկվել է ու թափով մոտենում է 14 միլիարդ դոլար սահմանագծին:
Մյուս կողմից՝ Փաշինյանը քիչ է համարում քաղաքացիական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների ու առհասարակ ժողովրդավարության շնչափողի վրա իր իշխանավարման «գոտին ձգելը», դեռ մի բան էլ՝ ժողովրդի սմքած ու կռացած մեջքի վրա է ուզում «գոտի ձգել»: Հա, ու խոսքը միայն կենսապահովման, կենսամակարդակի, պարզապես ապրելու մասին չէ: Ոնց հասկանում ենք՝ ամեն առումով ենք «գոտիներս ձգելու», եթե 2026-ին ինչ-որ հրաշքով կրկնվի 2021-ը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



