Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի էր, ինչ անեին, նա պետք է ներկա լիներ։ Թախծոտ աչքերով երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաները։ «Լավ առաջադիմություն ուներ, միայն օտար լեզուներն էին իրեն հետ թողնում գերազանցիկ լինելուց։ Իններորդ դասարանից հետո ցանկանում էր ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակել, բայց թույլ չտվեցի։ Փոքրուց սեր է ունեցել զենքի հանդեպ։ Մանկապարտեզում, դպրոցում անգամ իր մոտ պետք է «զենք» լիներ՝ մատիտներից, քանոններից պատրաստված։ Ամուսինս զինվորական է եղել, շատ լավ էի հասկանում, որ իրեն բարդ կյանք է սպասվում։ Ասում էի՝ Էրո՛ ջան, երկրորդ անգամ չեմ ուզում նույն դժվարությունների միջով անցնենք։ Դեռ չգիտեի, թե ինչ է լինելու»։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը որոշում է՝ կգնա բանակ, կվերադառնա, բարձրագույն կրթություն կստանա։ Մայրիկի խոսքով, ծրագրավորում էր սովորելու։ «Բանակ գնալուն երևի վեց ամիս էր մնացել, որոշեց, որ պետք է վարորդական վկայական ստանա։ Մեքենա վարել շատ էր սիրում, իրեն «Շումախեր» էին ասում։ Սովորեց, քննությունը գերազանց հանձնեց, ծառայության ժամանակ էլ վարորդ էր»։

2020 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Այնքան ուրախ է մեկնել ծառայության։ Իրեն պետք է 2019 թվականի դեկտեմբերին զորակոչեին, հետաձգեցին։ Երջանիկ էի, որ Ամանորը մեզ հետ է անցկացնելու։ Նա նեղվել էր՝ շուտ կգնայի, շուտ կվերադառնայի։ Արցախում ծառայելու ժամանակ երեք ամիս՝ հունիսից օգոստոս, դիրքերում էին մնացել, քանի որ համավարակ էր։ Ինձ ասում էր. «Մա՛մ, չեմ էլ ուզում իջնել դիրքերից, այստեղ է ծառայությունը։ Այստեղ ես զգում, որ տղամարդ ես»։ Երանության գրկում էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչ դա մեծ տղայիս ասել էր, որ պատերազմ է սկսվելու։ 27-ի առավոտյան արթնացանք, մեր առօրյա գործերով էինք զբաղված, մեծ տղաս եկավ՝ մա՛մ, Արցախում պատերազմ է։ Ամեն ինչ թողած՝ իրեն էինք զանգում։ Հեռախոսը ձեռքիս սպասում էի իր զանգին, «մամ» բառին էի սպասում։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, հեռախոսի էկրանին «Բալես» գրվեց, երկրորդ զանգին չսպասեցի, պատասխանեցի՝ Էրո՛ս, ո՞նց ես, ի՞նչ կա։ «Մամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես իրար խառնվել»։ Ու լիաթոք ծիծաղով սկսեց խոսել՝ մի երկու հատ կրակոց էր, անցավ։ Բայց հեռուստացույցով հետևում էինք լուրերին, պարզ էր, որ պատերազմ է։ Էրիկս ասաց, որ Մարտունիում հանգիստ է։ Խաբեց, այդ պահին արդեն դիրքերում էր։ Ինձ իբր հանգստացրեց։ Զանգահարել էր եղբորը. «Դիրքերում ենք, լայնածավալ պատերազմ է, Արցախում ոչ մի տեղ էլ հանգիստ չէ։ Բայց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, պատրաստ ենք պատերազմին»։ Եվ այդպես ամեն օր սպասում էի իր զանգին։ Զանգում էր, խոսում էինք, հետո նորից նույն վիճակն էր, կրկին իր զանգին էի սպասում։ Երբ հարմար չէր լինում, չէր զանգում, այդ օրը մեռած մարդիկ էինք»։

Էրիկն անմահացել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին՝ իր ծննդյան օրվանից երկու օր առաջ։ «Անընդհատ ասում էի՝ երանի զինադադար լինի, հասնեմ քո մոտ։ Էրիկս իր ծննդյան օրն անչափ շատ էր սիրում։ Դեռ օրեր առաջ հյուրերի ցուցակը կազմում էր, մեզ էլ ասում էր, թե քանի հոգու է հրավիրել։ Պատերազմի թոհուբոհի մեջ ասաց. «Հիշում ես, չէ՞, մա՛մ, հոկտեմբերի 31-ին ծնունդս է»։ Հարցրեցի՝ ո՞նց կարող եմ տորթը հասցնել, որ դրանով ուրախանաք, նշեք ծնունդդ։ Էրոս ասաց. «Մամ, հիմա ծննդյան օրերին պեչենիների վրա ենք մոմ դնում և փչում։ Դե, սալ յուտն էլ անպակաս է»»։

Էրիկը պատերազմի օրերին եղել է Հադրութում, Ջրականում, Դրմբոնում, Վարանդայում։ Վարորդ լինելով՝ զորքի հետ ամենաթեժ կետերում է եղել։ «Հրամանատարն ասում էր՝ կարծես Մոնթեն լիներ, կարողանում էր բոլորին կառավարել։ Զինվորները նայում էին Էրոյին՝ կարո՞ղ ենք անցնել այս հատվածը։ Եվ անցնում էին կրակների միջով։ Բազմիցս շրջափակման մեջ էին ընկել ու դուրս եկել։ Հոկտեմբերի 23-ին Վարանդայում (Ֆիզուլի) ընկել էին շրջափակման մեջ։ Վիրավորվել էր, բայց բուժկետ չէր գնացել. «Քերծվածքների համար բուժկետ չեմ գնա, ձեզ հետ դիրքեր եմ բարձրանալու»։ Մեքենաներն ու զենքերը մնացել էին չեզոք գոտում։ Կա՛մ զոհվելու էին, կա՛մ պետք է մի ճար անեին։ Էրիկը կարողանում է զենքով լի մեքենան դուրս բերել այդ գոտուց և տղաներին հանել շրջափակումից։ Այդտեղ զոհվել էր իրենց հրամանատարը։ Ասաց՝ մեզ պահող ու պաշտպանող հրամանատարն էր։ Հոկտեմբերի 26-ին շրջափակումից դուրս էին եկել, հասել Մարտունի։ Այդ բոլոր մանրամասները նա միայն եղբորն է ասել, այն էլ՝ նրա համար, որ եթե իրեն մի բան պատահի, եղբայրն իմանա, թե որտեղ իրեն փնտրի»։

Վերջին անգամ Էրիկն ընտանիքի անդամների հետ զոհվելուց մի քանի ժամ առաջ է զրուցել։ «Իր հորեղբոր որդին էլ էր զոհվել, նա էլ կամավոր էր։ Հազիվ էինք իր հետ երկու բառ կարողանում խոսել։ Զրույցների ժամանակ հարցնում էր, թե պապան ուր է։ Ամուսինս Ջրականում է եղել, փորձեց իրեն հասնել, բայց Էրոս իր տեղը չէր ասում. «Բոլորիդ տեղն այստեղ եմ, սա ձեր 90-ականների կռիվը չէ»։ Ընկերը պատմեց՝ վերջինը Նարեկի՝ մեծ տղայիս հետ են խոսել, հետո հեռախոսներն անջատել են ու գրոհը սկսվել է. «Կրակներից ամբողջ Մարտունին լուսավորվում էր»։ Լուսաբացին է Էրիկս զոհվել։ Սնարյադն ընկել է, խրամատում եղել են Նորիկը, Էրիկն ու Արտակը։ Նորոն տեղում զոհվել է, Էրոն թիկունքից վիրավորում է ստացել։ Իջեցրել են իրեն, ասել է՝ ինձ թողեք, լավ եմ, Նորոյին իջեցրեք, որ մարմինը չմնա վերևում։ Մտերիմ ընկերներ էին։ Նահանջ հրաման է եղել։ Տղաներն ասում են՝ Էրոյին թողել ենք Ալեքսի մոտ, բարձրացել Ուլ յանասար կոչվող բարձունքը. «Բարձրանում էինք, ներքևում պայթյուններ էին»։ Մինչ տղաները իջել են, Էրիկն արդեն զոհված է եղել ականի պայթյունից»։

Ընտանիքին Էրիկն ասել էր՝ գուցե կապ չլինի, չի կարող զանգահարել, բայց թող հանգիստ լինեն։ Իսկ մայրիկն ասում է՝ երբ որդին ծննդյան օրը մայրիկին չի զանգահարել, կասկածները սկսել են անհանգստացնել նրան։ «Իր հեռախոսահամարն անհասանելի էր, սկսեցինք զանգահարել ընկերներին, ոչ ոք մեզ ճիշտը չէր ասում։ Հրամանատարը պատմեց՝ վիրավորները շատ էին, փորձում էինք իրենց օգնել։ Որոշում են կայացնում տղաների մարմինները փաթաթել և պահել։ Նոյեմբերի 7-ն էր, տեղեկություն չկար։ Ամուսինս, տղաս և եղբայրս մեկնեցին Արցախ։ Իրենց չէին ասել, որ տղաները զոհվել են, ասել էին, որ սպասում են նրանց իջնելուն, դիրքը բարձր է, կապ չկա։ Որոշ ժամանակ հետո մեկը մոտեցել էր ավագ որդուս և ցավակցել, այդ պահին ամեն ինչ պարզ էր դարձել: Նոյեմբերի 9-ին հրադադարը կնքեցին, այդ ժամանակ ասացին, որ չեզոք գոտում են տղաները մնացել։ Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը մտավ այդ հատված, Էրիկիս դուրս էին բերել։ Հետո սպասում էինք ԴՆԹ հետազոտության պատասխանին։ Չնայած մեր երեխային ճանաչել էինք, բայց ասացին, որ առանց հետազոտության մարմինը մեզ չեն տա։ Դատաբժիշկը մեզ իր գլխի հատվածը ցույց չտվեց՝ ինչպես գիտեք ձեր սիրուն Էրիկին, այդպես հիշեք իրեն։ Իր մարմինն էր, գրպանում իր իրերն էին, զինգրքույկը։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես հաստատվեց իր ինքնությունը։ Ամուսնուս ասում էի՝ ծանոթներ ունես, դիմիր, գիտենք, որ մեր երեխան է, թող շուտ անեն հետազոտությունը։ Ամուսինս ասաց՝ երբ գնում եմ ու այդքան մայրերի ու հայրերի եմ տեսնում, որոնք պատասխանի են սպասում, չեմ կարող նման բան անել»։

Ընտանիքի երեք զավակներն են Նարեկը, Էրիկը և Արեգը։ «Երբ տղաներս դռնից ներս են մտնում, սպասում եմ, որ հիմա Էրիկս էլ է ներս մտնելու։ Ապրելուս ուժը Էրիկս է։ Ապրում եմ, որ իրեն ապրեցնեմ։ Էրիկս գիտակցված մահվան է գնացել։ Երբ իրեն ասում էի՝ Է՛ր ջան, քեզ խնայիր, արձագանքում էր. «Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են։ Եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք։ Սրանք Մոնթեի դիրքերն են, իսկ Մոնթեի դիրքերը միշտ անառիկ պետք է մնան՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Եթե զոհվենք, բոլորս ենք զոհվելու»։ Երբ շրջափակումից դուրս էր գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, աղոթիր, քո աղոթքի շնորհիվ եմ ես ողջ մնացել»։ Բայց այդքան պայքարելուց հետո...»։

Հ. Գ. - Էրիկ Գալստյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ», հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank