Դարոն Աճեմօղլուն էլ «նախկին» դարձավ Փաշինյանի համար
ANALYSISԱշխարհահռչակ տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն որպես փորձագետ և խորհրդատու իր մասնակցությունն է ունենալու «Մեր ձևով» շարժման տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։ Այդ մասին հայտարարվել է շարժման առաջին հաշվետու ժողովին։ Ընդ որում, այս տեղեկությունը անմիջապես ցնցել է գործող իշխանության շարքերը, և փաշինյանական քարոզչամեքենան հարձակում է սկսել աշխարհահռչակ տնտեսագետի դեմ, առավել ևս, որ իր ուղերձում Աճեմօղլուն ուղղակիորեն խոսել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես՝ հետպետականացման գործընթացի, ինչպես նաև կարևորել է գույքային իրավունքի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների համար վստահելի ու ապահով միջավայր ստեղծելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտնել էր, որ Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ տնտեսության վերականգնման և զարգացման գործում։ Սակայն գործող իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել Աճեմօղլուի հնարավորություններն ու գիտելիքները ի նպաստ Հայաստանի օգտագործելու, իսկ այժմ էլ նա փաստորեն միանում է ընդդիմադիր շարժմանը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը իր խոսքում նշել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն, իսկ գույքային իրավունքի պաշտպանությունը պետք է տնտեսության բոլոր ոլորտներում ծանրակշիռ լինի։ «Հայաստանը, անկասկած, պետք է արդար բաժին ունենա բնական պաշարների զարգացման արդյունքներից։ Սակայն դա հնարավոր է, եթե գործում է գույքային իրավունքի կանխատեսելի և հետևողական համակարգ։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է և հեշտ է շեղվել որևէ ուղղությամբ»,– նշել է տնտեսագետը մեղմորեն՝ առանց կոշտ ձևակերպումներ օգտագործելու, Հայաստանի իշխանություններին քննադատելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իրականացվող գործողությունների համար։
Սա հենց այն է, ինչից մահու չափ վախենում է Նիկոլ Փաշինյանը՝ հասկանալով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իր գործողությունները վաղուց դուրս են եկել Հայաստանի սահմաններից և վերածվել միջազգային գնահատականի, ինչը երկարաժամկետ ներդրումների մասով լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Ուստի առաջիկայում ցեխարձակումները թե՛ Աճեմօղլուի, թե՛ «Մեր ձևով» շարժման և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ավելի են շարունակվելու։ Իշխանական քարոզչամեքենայի ֆանտազիան լավագույն դեպքում կբավարարի Աճեմօղլուին ռուսական ագենտ հռչակելու։
Գարեգին Գրիգորյան



