Գյումրու ընդդիմադիր քաղաքապետին ուզում են մեկուսացնել
ANALYSISԳյումրիում իրավիճակը կրկին թեժ է։ Ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը վստահ են, որ գործող իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել քաղաքապետի դեմ՝ ընդհուպ սպառնալով նրա կյանքին։ Խմբակցությունը նամակով դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ պնդելով, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ըստ խմբակցության՝ քաղաքական հալածանքն առավել թեժացավ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։
Հիշեցնենք՝ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է Գյումրու քաղաքապետին դուրս շպրտել հանրային և քաղաքական կյանքից։ «Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային կյանքից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ու թեպետ նա նշում էր քաղաքական մեթոդների մասին, Վարդան Ղուկասյանն ու իր թիմը վստահ են, որ խոսքը ընդհուպ կյանքի վտանգ սպառնալու մասին է։
Իսկ այն, որ իշխանություններն իսկապես լուրջ հալածանքներ են սկսել, ակնհայտ է դառնում վերջին օրերի կատարվածից։ Հիշեցնենք, օրերս կանգնեցվել էր Վարդան Ղուկասյանի զրահապատ մեքենան, խուզարկություններ իրականացվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Ղուկասյանը լիներ մեքենայում, նրան հենց տեղում ձերբակալելու էին։
Իշխանությունները փորձում են կալանավորել Վարդան Ղուկասյանին, նրա որդուն, ինչպես նաև առաջիկայում հալածանքներ են սկսելու Գյումրու այլ հայտնի և ազդեցիկ դեմքերի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը վստահ է, որ բավականին լուրջ խնդիրների է բախվելու հատկապես Գյումրիում, որը մշտապես ընդդիմադիր է եղել և այժմ էլ փորձում է հեռացնել ընդդիմադիր տրամադրված գործիչներին, որպեսզի վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսներով ավելի հեշտ լինի որևէ արդյունք ցուցադրել Գյումրիում և Շիրակի մարզում։
Աննա Սարդարյան



