Հայաստանի ժողովրդավարության պատրանքը՝ քաղաքական բանտարկյալներով և բռնաճնշումներով
POLITICSՀայաստանում վերջին տարիներին իշխանությունների վարած քաղաքականությունը գնալով ավելի է հեռանում ժողովրդավարական սկզբունքներից՝ վերածվելով քաղաքական հաշվեհարդարների և բռնաճնշումների գործիքի։ Արդյունքում երկիրը հայտնվել է իրավիճակում, որտեղ քաղաքական մրցակցությունը փոխարինվել է դատարաններով և կալանավորումների սպառնալիքով։
Աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ընդգծել է.
«Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է։ Մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի վերականգնենք արդարությունը և պաշտպանենք Հայ Առաքելական Եկեղեցին»։
Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի նկատմամբ հարուցված գործերը դարձել են համազգային մտահոգության առարկա։ Հայաստանի իշխանությունները նրանց պահում են կալանքի տակ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե երկիրը ժողովրդավարության ուղի է բռնել։
Սակայն ժողովրդավարության մասին խոսելն այս պայմաններում կեղծ է։ Եթե ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավար երկիր, ապա ինչո՞ւ նույն կերպ իրենց ժողովրդավար չէին համարում Սադամ Հուսեյնը կամ Մուամմար Քադաֆին։
Խորհրդանշական է, որ Փաշինյանը ակնկալում է հավանություն ստանալ Եվրոպայի խորհրդից, սակայն չի համարում պարտադիր կատարել նույն Եվրոպայի կառույցներից մեկի՝ Ստոկհոլմի արբիտրաժի դատարանի վճիռը, որը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործին։ Սա բացահայտ վկայում է, որ իշխանությունը ընտրովի է մոտենում միջազգային պարտավորություններին՝ ենթարկվելով միայն այն որոշումներին, որոնք քաղաքականապես ձեռնտու են իրեն։
Այսօր Հայաստանի բանտերում պահվում են քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ։ Դատավորները վճիռներ են կարդում՝ զգուշորեն նայելով իշխանության տրամադրությանը, այն նույն դատավորները, որոնց Փաշինյանը տարիներ առաջ անվանում էր «վնգստացող»։
Ժողովրդավարության մասին չի կարող խոսք լինել նաև այն պայմաններում, երբ ընդդիմադիր համայնքապետերը ենթարկվում են հալածանքի միայն այն պատճառով, որ հաղթել են ընտրություններում։ Այդ համայնքներում իշխանությունը չի հապաղում նախաձեռնել արտահերթ ընտրություններ՝ փորձելով զավթել իշխանությունը տեղերում։
Ազգային ժողովի դահլիճում արձանագրված դեպքերը ևս վկայում են քաղաքական մշակույթի անկման մասին․ իշխող ուժի պատգամավորները իրենց թույլ են տալիս բացահայտ սպառնալիքներ հնչեցնել ընդդիմադիր գործընկերների հասցեին՝ խոստանալով «պոկել ականջներ» կամ «կտրել լեզուն», իսկ ընդդիմադիր կին պատգամավորների հանդեպ սեքսիստական վիրավորանքներն արդեն դարձել են սովորական երևույթ։
Այս իրողություններն ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը վերածել են քարոզչական գործիքի, իսկ եվրոպական արժեքները օգտագործում են ներքին հակառակորդներին ճնշելու և քաղաքական դաշտը վերահսկելու համար։ Ժողովրդավարական երկրի մասին խոսելն անհնար է այն ժամանակ, երբ ազատ խոսքը սահմանափակվում է, եկեղեցին և գործարարները դառնում են իշխանության հաշվեհարդարի զոհեր, իսկ դատարանները կորցնում են անկախությունը։



