Փաշինյանը գրոհում է Վաղարշապատը մի քանի թևերով
ANALYSISԿոռուպցիայի մեջ մեղադրվող Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո, առանց քաղաքապետ մնացած Վաղարշապատում մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները, արդեն այսօրվանից սկսած կուսակցություններն ու քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը ընտրություններին մասնակցելու համար։ Առաջադրված ուժերի գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ից 17-ը։ Առայժմ հայտնի են միայն 4 ուժեր, որոնք հստակ հայտնել են մասնակցության վերաբերյալ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է նախկին մի զինվորական, «Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, որի ցուցակի առաջին համարերը վարչական շրջանների նախկին ղեկավարներ են լինելու։
Երեկ առաջադրվելու մտադրության մասին հայտնել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, ընդ որում հստակ է, որ այս կուսակցությունը ընտրություններին մասնակցում է գործող իշխանություններին աջակցելու, ընդդիմությունից ձայներ փախցնելու համար։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «թույլ չեն տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել Միութենական պետություն»։ «Վաղարշապատը Գյումրի-2 չի դառնալու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մյուս քաղաքական ուժերի առաջադրումների մասով դեռևս հստակություն չկա, բայց ակնհայտ է, որ Վաղարշապատում ընտրությունները բավական թեժ են լինելու, գործող իշխանությունները արմատական ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու են ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլև, ինչպես «Հանրապետության» դեպքում, փսևդո-ընդդիմադիր ներկայացող ուժերով, որոնց միջոցով էլ փորձելու են կրկին վերարտադրվել Վաղարշապատում, որը, նշենք՝ բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ, առավել ևս, որ Փաշինյանը մտադիր է այս ընթացքում նաև փորձ ձեռնարկել՝ գրոհելու Վեհարանը և հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Արևիկ Ծատուրյան



