Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Այս ողջ մղձավանջի համար չէր «մանդատ» տրվել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»: Հա, ու միայն Փաշինյանը չի նման հայտարարություն անում, ՔՊ-ի քարոզիչների «երգչախումբը», բնականաբար, իր կուսառաջնորդի «ասեղը» բռնած, նույն թելն է «թելում» առ այն, թե իրենք հաջորդ ընտրություններում արդեն հաղթել են, արդեն վերընտրվել են, ու, առհասարակ, ոչ մեկը հանկարծ «չշշկռի»: Լսեք, իսկ միգուցե ընդհանրապես ընտրություններ չանե՞նք: Ի՜նչ մի թիթիզություն է դա, ի լրումն՝ բյուջետային միջոցների անիմաստ ծախս, եթե այս գլխից մրճակիր Փաշինյանը բոլորի փոխարեն որոշել է, որ ինքն ինչ անում կամ չի անում, հենց դա է «ժողովրդի ուզածը»:

Լավ, այս անխուսափելի սարկազմից սահուն անցնենք փաշինյանական վերոմեջբերյալ մոտեցման վերաբերյալ կոնկրետ դիտարկումներին: Ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից հրապարակայնորեն ընդգծվող պնդումները, թե 2026-ին «ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը»: Իսկ վկայում են դրանք հայտարարության հեղինակին համակած խորին անվստահության և իշխանությունը կորցնելու հողի վրա ունեցած սաստիկ վախերի մասին: Իրապես ինքնավստահ ղեկավարն ու քաղաքական ուժը առիթ-անառիթ, անդադար նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն չունի:

Բայց հոգեբանությունը՝ դեռ մի կողմ:

Շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի կիրառած երկպարույր մանիպուլ յացիան: Նախ՝ նա այնպես է կառուցում իր հայտարարությունը, որ պատասխանատվությունը գցի իր վրայից ու ամեն ինչ բարդի ժողովրդի վրա, իր իսկ բառամթերքով՝ հետևանքներն ու դրանց համար պատասխանատվությունը գցի ժողովրդի «գրպանը»: Եթե ինչ-որ բան կամ ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքը ներկայացնում է, ապա կելնի ու կասի, թե «դուք այդպես ցանկացաք, դա ձեր ուզածն էր...»: Այս 7-8 տարվա մեջ քանի անգամ է այդ մանիպուլ յատիվ հնարքը կիրառել: Չէ, բայց պետք է այդ առումով արժանին մատուցել Փաշինյանին: Տեսեք, նա ոչ միայն չեղած տեղը «խաղաղություն» է ծախում ժողովրդի վրա, այլև դա անում է այնպիսի տոնայնությամբ ու արտահայտություններով, որ այդ ամենը, իբր, ժողովրդի ուզածն է:

Երկրորդը. Փաշինյանի նման հայտարարությունը բացեիբաց վկայում է այն մասին, որ նա արդեն իր մեջ վերջնականորեն որոշել է, որ համատարած ու ամենավայրագ եղանակներով բռնանալու է ժողովրդի կամքի արտահայտության վրա, գերադրական աստիճանի չարաշահելու է վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մարմինների միջոցով համատարած հետապնդելու է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին: Մի խոսքով՝ բռնատիրական ամբողջ գործիքակազմով ու իր ամեն բջիջով մինչև վերջ կառչած է մնալու իշխանությունից, այն ոչ մի պարագայում հոժար կամքով չի թողնելու:

Նրա այդ մոտիվացիայի շարժառիթներն արդեն շատերի համար են պարզ տեսանելի...

Եթե նպատակը կեղծիքները չլինեին, կարող էր ասել, օրինակ՝ «մենք շատ ենք ցանկանում, որ ժողովուրդը երկարեցնի մեր մանդատը», այլ ոչ թե՝ առարկություն չհանդուրժող տոնով կպնդեր, թե ժողովուրդը երկարեցնելու է:

Լավ, իսկ այդ ո՞նց են որոշել, թե ժողովուրդը դա է ուզում, կամ ժողովուրդը երկարեցնելու է «մանդատը»: Եթե Փաշինյանն առաջնորդվում է 2021 թվականով, ապա 2021-ին ժողովուրդը դրա համար չի ձայն (մանդատ) տվել: Եթե անգամ ինքներս մեզ վերջացած միամիտի տեղ դնելով՝ մի պահ մոռանանք 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը, այլևայլ կեղծիքներն ու հալած յուղի տեղ ընդունենք, որ այն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ն անարատ մանդատ են ստացել, էլի հարցեր շատ կմնան: Նախ՝ նման դեպքերում բացարձակապես սխալ է «ժողովուրդ» եզրույթի գործածությունը, որովհետև քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչ ավելին, ապա ՔՊ-ի օգտին էլ պաշտոնապես հայտարարվել է այդ «կեսից քիչ ավելիի»... կեսից քիչ ավելին: Պարզ ասած՝ մանդատ տվողները (պաշտոնապես) եղել են ժողովրդի կեսի կեսը, դա՝ լավագույն դեպքում: Իսկ հիմա հաստատ այդ կեսի կեսի կեսն էլ չի մնացել, որ պատրաստ կլինի քվե տալ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Բայց ամենից կարևորը. 2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:

Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին... խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա... Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:

Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:

Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե... ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը...»:

Սա մի առանձին «կինո» է, իհարկե: Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:

Սա՛ է փաշինյանական «եվրո-ժողովրդավարության» բնութագիրը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers