Սա բոլոր այն նվաճումները մերժելու միջոց է, որոնք իրենցը չեն. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Փաշինյանը Հայաստանին 34-ամյակի կապակցությամբ նվեր է արել» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության 34-ամյակը: Տոնի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Չորրորդ հանրապետության ստեղծման նախապատրաստական աշխատանքների մասին: Նշենք, որ Առաջին հանրապետությունը ձևավորվել էր Ռուսական կայսրության փլուզումից հետո, Երկրորդը խորհրդայինն էր: Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է հաղթել խորհրդարանական ընտրություններում Չորրորդ հանրապետություն ձևավորելու համար: Դրա գաղափարախոսական հիմքը կլինի, այսպես կոչված, «իրական Հայաստանը», որը Փաշինյանը հակադրում է «պատմական Հայաստանին»: Մասնավորապես, Չորրորդ հանրապետությունը թշնամաբար չի վերաբերվի իր հարևաններին, առաջին հերթին՝ Թուրքիային և Ադրբեջանին, և ձգտում է միանալ Եվրամիությանը: Այդ նպատակով Փաշինյանը խոստացել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո անցկացնել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվե:
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այդ գաղափարը դիտարկել են որպես երկրի անկախությանը սպառնացող ուղղակի սպառնալիք։ «Եկել է այն ժամանակը, երբ մեր անկախության ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրի վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից», - ընդգծել է Քոչարյանը։ Իր հերթին՝ Սարգսյանը հայտարարել է, որ ժամանակն է «ոչ» ասել կառավարող կապիտուլ յանտներին։ «Նրանք, ովքեր անհեթեթություններ են ասում հանրապետության համար նոր համարակալման համակարգի մասին, փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ժխտել անցյալը և մերժել հաղթանակները։ Բայց պատմությունը զրոյից չի սկսվում։ Արյունը չի կարող ջուր դառնալ, զոհաբերությունը չի կարող վիճակագրություն դառնալ, հերոսությունը չի կարող պատմական սխալ դառնալ», - պնդել է նա:
Ըստ Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի, Փաշինյանը, ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան էլ չի ասել։ «Չորրորդ հանրապետության մասին հայտարարությունը նախընտրական քարոզարշավին ուղեկցող մի շարք այլ ելույթների մաս է կազմում։ Փաշինյանը և նրա թիմը հստակեցնում են, որ իրենց իշխանության գալուց առաջ տեղի ունեցած ամեն ինչը վատ էր, բայց իրենց օգնությամբ երկրում կյանքը կբարելավվի։ Ավելին, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում բարձրացվում է Չորրորդ հանրապետության գաղափարը։ Սա բոլոր այն նվաճումները մերժելու միջոց է, որոնք իրենցը չեն», - ng.ru-ի հետ զրույցում ասել է նա։ Իսկանդարյանի կարծիքով, 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, հավանաբար, բնակչության կողմից չեն ընկալվի որպես Փաշինյանի կողմից նշված հանրաքվեի նախերգանք։ Այնուամենայնիվ, հավանական են Հիմնական օրենքը փոփոխելու փորձերը։ Ըստ նրա, առնվազն ներկայիս նախաբանը կփոփոխվի այնպես, որ չգրգռի Ադրբեջանին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



