«Չարենցին մարմնավորելը մեծ պատիվ, բայց նաև լուրջ պատասխանատվություն է». Համլետ Ղազարյան
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վանաձորի՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ «Չարենց» ներկայացման պրեմիերան:
Ներկայացումը բեմադրվել է «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հիման վրա, որի հեղինակը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանն է:
Գլխավոր հերոսին՝ Չարենցին մարմնավորում է դերասան Համլետ Ղազարյանն, ում խոսքով՝ Չարենցի կերպարը մարմնավորելը միաժամանակ մեծ պատիվ, բայց նաև լուրջ պատասխանատվություն է։

«Մենք բազմիցս փորձել ենք անդրադառնալ Չարենցին։ Ես էլ առանձին փորձեր ունեցել էի, քանի որ նա իմ ամենասիրելի բանաստեղծներից է։ Կարծես նախասահմանված էր, որ այս ամենը պիտի տեղի ունենար հենց հիմա ու այս տարբերակով։ Եվ այդպես էլ եղավ՝ Վանաձորի թատրոնում, Դավիթ Հարությունյանի հրավերով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանը:

Նրա խոսքով՝ ստեղծագործական ընթացքը երկար ու բարդ ճանապարհ էր.
«Իրականում շատ բարդ, մի քիչ վախեցնող ու պատասխանատու էր։ Իրական մարդու խաղալը միշտ ավելի դժվար է, քան գրական հերոսի, առավել ևս այնպիսի հզոր ու վառ անհատականության, ինչպիսին Չարենցն է։ Մենք Դավիթի հետ նորից սկսեցինք ուսումնասիրել՝ Չարենցի թանգարանները, գիտական ֆոնդերը, Դավիթ Գասպարյանի գրական ժառանգությունը։ Այդ ամենից հետո փորձեցինք կերպարի գծերը դուրս բերել ու բարձրացնել բեմ»:

Համլետ Ղազարյանը շեշտում է, որ փորձերը դարձել էին գրեթե գիտական աշխատանք․
«Սեղանի շուրջ աշխատանքի ժամանակ մենք անդադար կարդում էինք, դուրս էինք բերում նյութեր, իրար էինք ուղարկում, վերլուծում։ Ամեն մեկն ինչ-որ նոր բան էր գտնում ու կիսվում։ Հետո արդեն հասկացա, որ պետք է պարզապես վստահեմ ռեժիսորին ու գնամ նրա հետևից»,- պատմեց Համլետ Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ներկայացման ուղերձին, դերասանը կարծում է, որ պատասխանը հենց Չարենցի բանաստեղծության մեջ է․
«Ներկայացման ավարտին հնչում է բանաստեղծություն, որտեղ ինքը տալիս է բոլոր հարցերի պատասխանը․ թե ինչու ենք այս վիճակում ու ինչու ենք ուզում լինել։ Դա է մեր հիմնական ուղերձը հանդիսատեսին»,-ամփոփեց դերասանն ու հանդիսատեսին հորդորեց դիտել ներկայացումը:
«Հոկտեմբերի 5-ին և 17-ին մեր ներկայացումը կրկին բեմում կլինի։ Ուզում եմ հատկապես երիտասարդները գան, որ ավելի լավ ճանաչեն Չարենցին՝ դուրս իրենց դասագրքային պատկերացումներից»:









Հետևեք մեզ՝ այստեղ



