«Քաղպայմանագիրը» ճոխ է պատրաստվել համաժողովին
ANALYSISԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։ Նշենք, որ համաժողովը փոփոխություններ է իրականացնելու կուսակցության կանոնադրությունում՝ դրա հիմքում դնելով Նիկոլ Փաշինյանի վիճահարույց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Կուսակցությունը նաև նոր վարչություն և վարչության նոր նախագահ է ընտրելու։ ՔՊ վարչության 20 տեղերի համար պայքարում են 41 կուսակցականներ։
Փաշինյանական իշխանությունը բավականին ճոխ է պատրաստվել սեփական կուսակցության համաժողովին։ Ավելին, Փաշինյանն ինքը երեկ երեկոյան այցելել է Մարզահամերգային համալիր, ուշադիր հետևել համագումարի կազմակերպչական աշխատանքներին, տվել վերջին ցուցումները։ Իսկ այսօր արդեն համագումարն իրականացվելու է այնպիսի ճոխությամբ և ուղիղ եթերներով, որպեսզի հանրության մոտ հերթական անգամ փորձեն ցույց տալ, թե իրենք բավականին խոշոր ուժ են և վերահսկում են իրավիճակը Հայաստանում։
Ի դեպ, կուսակցության մեջ վերջին շրջանում սրված հարաբերությունները նույնիսկ քպականներին են բերել այն եզրակացության, որ համաժողովում բավականին ուշագրավ սրացումներ կարող են լինել, ընդ որում ամենալուրջ խնդիրները սպասում են վարչության ընտրություններում։ Որքան էլ Փաշինյանը փորձի կանխել հնարավոր ընտրակեղծիքները, «Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ վարչության կազմում հայտնվելու դեպքում նոր կկարողանան ավելի բարելավել իրենց դիրքերը, իսկ նրանք, ովքեր կկորցնեն իրենց տեղը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում, կարող են նաև կորցնել Փաշինյանի բարեհաճությունն իրենց նկատմամբ, ուստի և բավականին կոշտ մրցակցություն է սպասվում, առավել ևս, որ կուսակցությունում մի քանի կլաններ լուրջ պայքար են մղում իրար դեմ՝ փորձելով իրար ձեռքից տանել նախաձեռնողականությունն ու ազդեցության լծակները։
Էլյա Մանուկյան



