Անընդհատ զիջումների գնալու պատրաստակամությունը չի գնահատվում. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
iz.ru–ն «Լեռներից բարձր վեճ. Հայաստանը հրաժարվում է հիշատակել Արարատ լեռը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շարունակում է շարժվել դեպի Ադրբեջան և Թուրքիա: Հաշտեցման քաղաքականության շրջանակներում նոյեմբերի 1-ից սկսած Երևանը կդադարի Արարատ լեռը պատկերել իր սահմանային դրոշմակնիքների վրա: Արարատ լեռը, չնայած նրան, որ գտնվում է հարևան երկրում, Հայաստանում համարվում է ազգային խորհրդանիշ:
Ընդդիմությունը կտրուկ քննադատել է այդ որոշումը: ՀՀ խորհրդարանի անդամ Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ կառավարությունը «պարում է թուրքական դուդուկի տակ», և որ դա Էրդողանի պահանջով է արվել: Նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի բարձրացրել Արարատ լեռան պատկերման հարցը: Նրա խոսքով, ՀՀ ներկայիս իշխանությունները կամավոր են «վերախմբագրում ազգային ինքնությունը»՝ բոնուսներ ստանալու համար: Սակայն մինչ այժմ այդ բոլոր ջանքերը սահմանափակ ազդեցություն են ունեցել: Սեպտեմբերի կեսերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելեց Երևան: Կողմերը համաձայնեցին «պատրաստել պայմաններ» երկրների միջև օդային ուղևորափոխադրումների ավելացման ու սահմանին երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի ուսումնասիրություններ անցկացնելու համար: Որոշ դիտորդների սպասումներին հակառակ՝ հարաբերություններում առաջընթաց չեղավ:
Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրել է, որ Փաշինյանը առաջ է քաշում «իրական Հայաստանի» հայեցակարգը, որն առաջարկում է երկրի զարգացումը առկա պետական սահմանի սահմաններում: «Արարատը չի տեղավորվում այդ հայեցակարգի մեջ, քանի որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Հետևաբար, նրա մասին հիշողությունը համակարգված կերպով ջնջվում է: Ըստ երևույթին, վաղ թե ուշ գործը կհասնի նաև ազգային զինանշանի փոփոխությանը: Դժբախտաբար, իշխանությունները չեն հասկանում մեր տարածաշրջանի առանձնահատկությունները: Այստեղ անընդհատ զիջումների և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը չի գնահատվում: Նման վարքագիծը համարվում է թուլության նշան և չի առաջացնում համարժեք պատասխան քայլեր, այլ ավելի ու ավելի շատ պահանջների է հանգեցնում», - բացատրել է փորձագետը:
Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ Արթուր Աթաևն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը գործում է բավականին տրամաբանական: «ՀՀ իշխանությունները փորձում են բարելավել հարաբերությունները հարևանների հետ՝ փոխելով իրենց մոտեցումները, այդ թվում՝ պետական խորհրդանշանների հարցում: Ակնհայտ է, որ դա ցավոտ գործընթաց է, քանի որ կարևոր և վաղուց հաստատված գաղափարախոսություններն են հերքվում: Բայց, ի վերջո, տարածաշրջանում կարող է հաստատվել նոր կարգ, որը կապահովի փոխադարձաբար ընդունելի համակեցություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Ըստ երևույթին, հենց դրան է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանը», կարծիք է հայտնել նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



