Կհստակեցվի, թե ինչ է արվելու ոստիկանություն փոխանցված՝ որպես պարգև տրված զենքերի հետ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ։ Ներկայումս առգրավված, վերցված, կամավոր հանձնված, գտնված զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և ռազմամթերքը ոստիկանություն փոխանցելու, ոստիկանության զինապահեստ ընդունելու, ինչպես նաև՝ դրանք ոչնչացնելու գործընթացը կանոնակարգված է կառավարության 2020 թ. մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշմամբ։ Օգտագործման համար պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը սահմանված կարգով հաշվառվում են ոստիկանության սպառազինության մեջ՝ հետագայում ծառայողական նպատակներով օգտագործելու համար, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը, համապատասխան մասնագետների կողմից գնահատվելուց հետո, հանձնվում են կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է պետական բյուջե: Միաժամանակ սահմանված է, որ զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ենթակա են ոչնչացման:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել ոստիկանություն փոխանցված՝ որպես պարգև տրված զենքերի հետագա տնօրինմանը և օգտագործմանը վերաբերող կարգավորումները, որի արդյունքում առավել որոշակի կդառնան նման զենքերը մալելու (ճմլել), չմալելու և չոչնչացնելու վերաբերյալ դրույթները
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



