Ադրբեջանը զինվում է, Փաշինյանը՝ խոսում խաղաղությունից
ANALYSISՄինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ 2026 թ․-ին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում, Ադրբեջանը շարունակում է ավելացնել պետական բյուջեից ծախսերը պաշտպանության և անվտանգության համար։ Թեև սկզբնապես տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանը նվազեցնելու է ռազմական ծախսերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանայել է բյուջեն և 5․2 միլիարդ դոլար տրամադրել պետական բյուջեից։ Սա 3․8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը։
Փաստացի, Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 2026 թ․-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21%-ն են կազմելու։ Ադրբեջանը նաև շարունակում է ակտիվորեն զինվել։ Օրերս կրկին հայտնի է դարձել «Silk Way» ավիաընկերության թռիչքների և նախկինում կնքված ռազմական պայմանագրերը վերանայելու մասին։ Այդ ընկերության բեռնատար օդանավը թռիչքներ է իրականացրել պատերազմում գտնվող Իսրայել, ապա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղից էլ զենքի և սպառազինության նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան։
Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ խաղաղության դարաշրջան է վրա հասել, Ադրբեջանը ակտիվորեն զինվում է, վերանայում իր ռազմական բյուջեն, ավելացնում ծախսերը, ինչը, նշենք, արդեն իսկ լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար։ Բայց փաշինյանական իշխանությունը որևէ քայլ չի կատարում ռազմական բյուջեն ավելացնելու մասով, ինչը վկայում է, որ գործող իշխանությունները որոշել են Հայաստանին անպատրաստ թողնել հնարավոր նոր ռազմական էսկալացիայի դեպքում։
Նունե Վարդանյան



