Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում տրանսպորտային միջանցքների շուրջ միջազգային պայքարը դարձել է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական, քաղաքական, նույնիսկ քաղաքակրթական բախումների առանցք: Մյուս կողմից էլ՝ տրանսպորտային միջանցքները վաղուց արդեն դուրս են եկել մաքուր լոգիստիկայի ու առևտրային կապուղիների սահմաններից՝ դառնալով պետությունների գլոբալ ազդեցության, տարածաշրջանային գերակայության, տնտեսական ինքնիշխանության և աշխարհաքաղաքական վերաձևումների գլխավոր գործիքները: Դա է պատճառը, որ այսօր տրանսպորտային հիմնական ուղիները ձևավորում են նոր գլոբալ մրցակցության քարտեզ, որտեղ յուրաքանչյուր երկիր կամ դաշինք ձգտում է ոչ միայն ապահովել սեփական ներգրավվածությունն ու շահերը, այլև սահմանել խաղի նոր կանոններ՝ վերահսկելով ապրանքների, էներգառեսուրսների, կապիտալի և տեղեկատվության հոսքերը:

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը, ինչպես նաև Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի նոր ձևաչափերը, որոնց շուրջ ընթացող զարգացումները փոխում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տնտեսական ու քաղաքական ճարտարապետությունը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը (Belt and Road Initiative, BRI) վերջին տասնամյակում դարձել է գլոբալ տնտեսության ամենախոշոր ու հավակնոտ նախաձեռնությունը, որի նպատակը Չինաստանը Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու նույնիսկ Լատինական Ամերիկայի հետ բազմաբնույթ ցամաքային և ծովային միջանցքների միջոցով կապելն է: Այս նախաձեռնությունը, որը պաշտոնապես մեկնարկեց 2013 թվականին, ներկայացվում է որպես ժամանակակից Մետաքսի ճանապարհ, որի միջոցով Չինաստանը փորձում է ամրապնդել իր տնտեսական ազդեցությունը, ընդլայնել արտահանման շուկաներն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ստանձնել տարածաշրջանային ենթակառուցվածքների գլխավոր ձևավորողի դերը: Ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել են հարյուր միլիարդավոր դոլարներ՝ ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, էներգետիկ ենթակառուցվածքների, արդյունաբերական գոտիների ու լոգիստիկ հանգույցների կառուցման համար:

Սակայն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը միայն տնտեսական բնույթ չի կրում, այն Չինաստանի համար նաև աշխարհաքաղաքական ռազմավարություն է, որով Պեկինը փորձում է ամրապնդել իր դիրքերը ոչ միայն որպես ապրանքների, այլև որպես գաղափարների, քաղաքական մոդելների և տեխնոլոգիաների արտահանող: Նախագծի յուրաքանչյուր միջանցք՝ լինի դա Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապող ցամաքային երթուղիները, թե Հարավային Ասիայով դեպի Հնդկական օվկիանոս անցնող ուղիները, նաև ազդեցության նոր գոտիներ են, որտեղ Չինաստանը մրցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ:

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն է (International North-South Transport Corridor, INSTC), որը միավորում է Հնդկաստանը, Իրանը, Կովկասի երկրները (Հայաստան, Ադրբեջան), Ռուսաստանը և Եվրոպան: Այս միջանցքը նախագծված է որպես բազմաշերտ լոգիստիկ համակարգ, որի միջոցով կարելի է զգալիորեն կրճատել Հնդկաստանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսերը՝ շրջանցելով ավանդական ծովային ուղիները: Այն նպատակ ունի որոշ չափով հակակշռել չինական նախագծերին։ Սակայն այս միջանցքի հիմնական խնդիրն այսօր ոչ միայն ենթակառուցվածքների թերի զարգացումն է, այլև աշխարհաքաղաքական ռիսկերը՝ կապված Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, Հարավային Կովկասում անկայունության, Ռուսաստան-Արևմուտք լարվածության և մյուս տարածաշրջանային բարդությունների հետ:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկումը թույլ կտա Հնդկաստանին և Իրանին ամրապնդել իրենց դիրքերը միջմայրցամաքային առևտրում, Ռուսաստանին՝ ստանալ նոր ելք դեպի հարավային շուկաներ՝ շրջանցելով Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող ծովային ճանապարհները, իսկ Կովկասի երկրներին՝ դառնալ լոգիստիկ հանգույցներ՝ ներգրավելով նոր ներդրումներ ու կապիտալ: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ, ենթակառուցվածքային ինտեգրում և քաղաքական կայունություն, ինչը տարածաշրջանում մշտապես խնդրահարույց է:

Միջին միջանցքը (Trans -Caspian International Transport Route, TTIR), որն ավելի հայտնի է որպես Կենտրոնական ԱսիաԿասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա երթուղի, վերջին տարիներին ստացել է նոր ռազմավարական իմաստ Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և գլոբալ արևելք-արևմուտք լոգիստիկ հոսքերի փոփոխության ֆոնին: Միջին միջանցքն առաջարկում է ապրանքների տեղափոխման այլընտրանքային՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող երթուղի, ինչը հատկապես կարևոր է արևմտյան շուկաների համար: Այս միջանցքն անցնում է Չինաստանից դեպի Ղազախստան, Կասպից ծովով՝ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:

Միջին միջանցքի նախաձեռնությունն առաջ է մղվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի կողմից, որոնք ձգտում են նվազեցնել կախվածությունը ռուսական լոգիստիկ համակարգից և ամրապնդել սեփական դիրքերը գլոբալ ապրանքաշրջանառության շղթաներում: Բայց այս միջանցքի առաջընթացը կախված է մի շարք գործոններից՝ Կասպից ծովի նավահանգիստների և լաստանավային համակարգի արդիականացումից, երկաթուղային ցանցերի ինտեգրումից, մաքսային և իրավական համակարգերի ներդաշնակեցումից, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունից: Միջին միջանցքի նախաձեռնությունը, որը ներկայում գտնվում է ակտիվ զարգացման փուլում, օգտագործվում է մի շարք տարածաշրջանային դերակատարների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։ Օրինակ՝ Թուրքիան այս նախաձեռնության իրագործման հետևում տեսնում է իր պանթուրքական ծրագրերն առաջ տանելու և թյուրքախոս երկրներում Անկարայի ազդեցությունը տարածելու համատեքստում։

Ու պատահական չէ, որ Թուրքիայի կողմից անընդհատ շեշտվում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի մաս է կազմելու և նպաստելու է թյուրքական աշխարհի համախմբմանը։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ իր տարածքով անցնեն Չինաստանը Եվրոպային կապող գլխավոր տրանսպորտային ուղիները, որպեսզի լծակ ունենա տրանսպորտային զարկերակների վրա։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ջերմանան, ապա Չինաստանի համար միանգամից կնվազի Միջին միջանցքի կարևորությունը, քանի որ բեռների տեղափոխման և տրանսպորտային հաղորդակցության համար ավելի նպատակահարմար կլինի Ռուսաստանով անցնող ճանապարհը։

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (India-Middle EastEurope Economic Corridor, IMEC) նախաձեռնությունն է, որը հանրայնացվեց 2023 թվականին G20 գագաթաժողովի ժամանակ՝ ընդգրկելով Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Հունաստանը և մի շարք եվրոպական երկրներ:

Այս նախաձեռնության նպատակը Հարավային Ասիան, Մերձավոր Արևելքը և Եվրոպան կապող նոր բազմաբնույթ միջանցքի ստեղծումն է՝ ընդգրկելով ինչպես երկաթուղային և ծովային ենթակառուցվածքներ, այնպես էլ էներգետիկ, թվային և կապի ուղիներ: Այս նախագիծն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակություն. այն ուղղված է տարածաշրջանային ինտեգրման խթանմանը, առևտրի ծավալների ավելացմանը, էներգառեսուրսների և տեխնոլոգիաների փոխանակմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բայց, միաժամանակ, այն նաև աշխարհաքաղաքական հակակշիռ է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Ռուսաստանի ազդեցությանը, քանի որ հնարավորություն է տալիս արևմտյան և հարավային երկրներին շրջանցել ավանդական հյուսիսային ուղիները և նվազեցնել կախվածությունը չինական ու ռուսական լոգիստիկ համակարգերից: Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի զարգացումը, սակայն, ենթադրում է տարածաշրջանային անվտանգության ապահովում, ենթակառուցվածքային ներդրումների մեծ ծավալներ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի ներդաշնակեցում: Միջանցքի հաջողությունը մեծապես կախված է Մերձավոր Արևելքի քաղաքական կայունությունից, Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների զարգացումից, ինչպես նաև Եվրոպայի կողմից նախագծին տրվող տնտեսական ու քաղաքական աջակցությունից:

Այս բոլոր նախագծերը միաժամանակ բարդ փոխկապակցվածության մեջ են։ Դրանցից յուրաքանչյուրը փորձ է ոչ միայն ապահովել որոշակի երկրների տնտեսական աճն ու կապը գլոբալ շուկաների հետ, այլև վերաձևել տարածաշրջանային ազդեցությունների բալանսը:

Ներկայիս արագ զարգացումների պարագայում այս գործընթացում հաղթող են դառնում ոչ թե նրանք, ովքեր ունեն ամենաերկար ճանապարհները կամ խոշոր նավահանգիստները, այլ նրանք, ովքեր կարողանում են ստեղծել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած, արդյունավետ և քաղաքականապես կայուն լոգիստիկ միջավայր: Տրանսպորտային միջանցքներն այլևս պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետությունների ու տարածաշրջանների ապագայի ռազմավարական պլատֆորմներն են, որտեղ ձևավորվում են նոր տնտեսական հնարավորություններ, քաղաքական դաշինքներ ու ազդեցության ընդլայնման ուղիներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers