Փաշինյանն անցել է գրականությունը խմբագրելուն
ANALYSIS2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց մասնավորապես Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։ Նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Գործող իշխանությունները փորձում են համոզել, թե ոչինչ էլ չի եղել, թեպետ սոցիալական ցանցերում իսկական բում է տարածվել, իշխանությանը մեղադրում են հերթական դավաճանական քայլի մեջ։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար, պատրաստ է գնալ ցանկացած ուրացման՝ ուրանալ Արարատը, Հայոց պատմությունը, իսկ երեկ պարզվեց՝ նաև հայ գրականությունը։ Փաշինյանը ուղեկիցների հետ այցելել է Բյուրական, իր աչքերով դիտել ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը, որից հետո քննարկում ունեցել, իսկ ավելի ճիշտ՝ մունաթ եկել դերասանների վրա։ Մինչ Ստեփան Զորյանը իր պատմվածքում կոչ է անում քանդել ցանկապատները, Փաշինյանը պնդել է, թե մեզ հենց ցանկապատ էլ պետք է։ Պատկերավոր ասած՝ պնդել, որ պետք չէ այլ հայրենիք որոնել, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։
«Դուք իրական Հայաստանի գաղափարախոսության մասին չգիտեմ՝ լսել եք, թե չէ, բայց իրական Հայաստանի գաղափարախոսությունը ունի մի բնաբան, որը կարելի է... մնացածը, ով չի ուզում կարդալ, թող չկարդա, բայց իրական Հայաստանի գաղափարախոսությունը մի բնաբան ունի, մի նախադասությամբ, որը ասում է հետևյալը՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու և հայրենիքի մասին երազանքը դադարեցնելու մասին է, որտեղ էս Հայաստանը, էս Հայաստանն է»,- ասել է նա։
Զարմանալի չէ նրա մղումը նույնիսկ գեղարվեստական գրականությունը խմբագրել թուրքերին դուր գալու համար, զարմանալին այն է, որ այդ ներկայացման ու քննարկմանը մասնակցած դերասաններն ու հանդիսատեսը չեն եկել նրա բերանին, դժգոհություն չեն հայտնել, չեն պնդել իրենց ճշմարտությունը։ Եվ արդյունքում Փաշինյանը շարունակել և շարունակելու է իր դավաճանական ընթացքը։
Արևիկ Ստեփանյան



