ԶՊՄԿ-ն ֆինանսավորում է 5-րդ դարի եկեղեցու պեղումները
CULTURE
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր բազմաթիվ սոցիալական նախագծերի շարքում ուշադրության կենտրոնում է պահում նաև աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և հավատացյալներին։ Պատմական Սյունիքի մայրաքաղաքի միջնաբերդում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել, և պեղումների իրականացման ծրագրին աջակցում է հենց ԶՊՄԿ-ն։
Պատմամշակութային կոթողներով հայտնի Սյունիքում այսքան լավ պահպանված ու բացառիկ կառույց չեն հիշում հնագետները։ Հնագիտական պեղումներ սկսելու նախաձեռնությունը մարզի ղեկավարինն է, արշավախմբի աշխատանքները ֆինանսավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ռոբերտ Ղուկասյանը և հանքարդյունաբերական ձեռնարկության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը օրերս հնավայր են այցելել, որտեղ ուղղանկյուն հատակագծով շենքի պեղումները մոտենում են ավարտին։
«Գաղտնիք չէ, որ կոմբինատի որդեգրած քաղաքականության մեջ մտնում է նաև մշակութային նախագծեր և հնագիտական նման պեղումներ կամ տարածքներ։ Մենք դրա մասնագետը չենք, մենք ուղղակի ապավինում ենք մեր գործընկերներին և մեր համագործակցության շրջանակներում։ Երբ որ մարզպետը մեզ դիմեց, մենք, իհարկե, մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ մասնակցեցինք այս ծրագրին և շատ ուրախ ենք, որ գնացինք մասնագետների հետևից և նման մեծ հայտնագործության մեջ մեր մի փոքր լուման ունեցանք։ Շատ հպարտ ենք դրանով և լիահույս ենք, որ սա էլ ավելի մեծ բացահայտումների նոր սկիզբը»,- նշել է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Օրեր առաջ էլ շուրջ 100 տարվա դադարից հետո «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ, Քաջարանի համայնքապետարանի և գյուղի բնակիչների աջակցությամբ իր հոգևոր գործունեությունը վերսկսեց Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցին։
Սոնա Սաֆարյան




















































