Մեքենա հատուկ «ԿԳԲ»-ի համար. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս մեքենան հատկապես խորհրդային շրջանի մարդկանց շատ ծանոթ է: Կարծես թե սա «հին ու բարի» ԳԱԶ–21–ը՝ «Վոլգան» լինի: Բայց ամենևին էլ այդպես չէ: Սա էլի «Վոլգան» է, իհարկե, բայց ԳԱԶ-23-ը, որը հայտնի սերիական սեդանի՝ ԳԱԶ–21–ի հատուկ մոդիֆիկացիան է և ստեղծվել է Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեի, այսինքն՝ «ԿԳԲ»-ի համար:
Ընդ որում, բնօրինակի հետ արտաքին տեսքի նմանություններով էլ ավարտվում են այդ ավտոմեքենաների ընդհանրությունները: Դա հասկանալու համար պետք է նայել «կապոտի» տակ: ԳԱԶ-23-ը մշակվել է անմիջականորեն ԽՍՀՄ հատուկ ծառայությունների պատվերով։ Մեքենան արտադրվել է փոքր քանակներով 1962 թվականից: Ընդ որում, այդ մեքենաներն աննկատ էին մնում երկրի ճանապարհներին՝ «տարրալուծվելով» սովորական ԳԱԶ–21– երի շարքերում։ Ինչպես բոլոր այլ հետախուզական մեքենաները, այդ «Վոլգան» ևս մշակվել է պաշտպանության բարձրացման, հատուկ միջոցներ և սարքավորումներ տեղադրելու հնարավորության, ինչպես նաև բացարձակ արագություն զարգացնելու նպատակներով:
Եվ, այնուամենայնիվ, ԳԱԶ-23-ի և նրա «մայր» ԳԱԶ-21-ի հիմնական տարբերությունը շարժիչներն են: «ԿԳԲ–ի մեքենան» ստացել է իր ժամանակի համար աներևակայելի հզոր՝ ութ մխոցանի էներգաբլոկ՝ 5,5 լիտր աշխատանքային ծավալով։ Շարժիչի հզորությունը հասցվել էր 195 ձիաուժի։ Դա ավելի քան բավարար էր ԽՍՀՄ տարածքում մեքենաների մեծ մասի դեմ հետապնդումները շահելու համար: Ի դեպ, այդ ագրեգատը փոխառվել էր ԳԱԶ-13–ից՝ «Չայկայից»։
Շարժիչը տանդեմում աշխատել է եռաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ, որը ևս արդեն նշված «Չայկայից» էր գաղթել դեպի հետախուզական մեքենա։ Աշխատանքային ռեժիմները փոխարկվում էին ոչ թե կոճակներով, այլ ղեկի սյունակի վրա գտնվող լծակով՝ շատ հարմար եղանակով։ Շարժիչը, սակայն, պետք էր մի փոքր արդիականացնել, որպեսզի այն առանց խնդիրների տեղավորվեր «կապոտի» տակ։
«ԿԳԲ»-ի համար մեքենայի թափքը ևս ամրացվել էր։ Դա հանգեցրել էր քաշի 300 կգ-ով ավելացման՝ համեմատած բնօրինակի հետ, և, որպես հետևանք, անհրաժեշտություն էր առաջացրել ուժեղացնել մեքենայի կախոցը, փոխվել էին նաև արգելակները, տեղադրվել էին նոր բարձիկներ, որոնք ավելի դիմացկուն են գերտաքացման և սթրեսի նկատմամբ։
Հատուկ ծառայությունների մեքենայի մեջ այլ «գաղտնիքներ» ևս եղել են: Օրինակ՝ բեռնախցիկը բացվել է խելացիորեն թաքցված բռնակով։ Մեքենան ուներ ամրացված տրիպլեքս ապակի։ Մեքենայի բոլոր կողպեքներն ու բանալիները «հատուկ սերիայի» էին։ Իրականում ԳԱԶ-23-ը շատ արագաշարժ մեքենա էր։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացրել 16 վայրկյանում։ Համեմատության համար նշենք, որ ԽՍՀՄ այն ժամանակվա քաղաքացիական մեքենաներն այդ արագությանը լավագույն դեպքում հասնում էին 34 վայրկյանում։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































