Վթարային շենքերի բնակիչներին առաջարկվող պայմանները կփոփոխվեն. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթեցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես հաշվի են առնվել շահառուների կողմից արված առաջարկները՝ վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության ստացման դեպքում անհատական բնակելի տունն անձամբ՝ առանց հիփոթեքային վարկի ներգրավման կառուցելու հնարավորության ապահովման վերաբերյալ։ Գործող կարգով նախատեսված է, որ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում պարտադիր պայման է հանդիսանում հիփոթեքային վարկի ներգրավումը, մինչդեռ ոչ բոլոր շահառուներն են բավարարում ֆինանսական կազմակերպությունների սահմանած վարկավորման պայմաններին ու չափանիշներին։
Հաշվի առնելով անհատական բնակելի տունը տրամադրվող ֆինանսական աջակցության սահմաններում անձամբ կառուցելու պատրաստակամության մասին առաջարկը, ինչպես նաև շենքերի վթարային վիճակն ու փլուզման վտանգի առկայությունը, նախատեսվում է որոշմամբ հաստատված կարգը խմբագրել՝ հանելով հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը։ Բնակիչներին հնարավորություն է տրվում բնակարան (բնակելի տուն) ձեռքբերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի իրենց հայեցողությամբ ընտրել նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։
Նախագծով նախատեսվում է նաև ձևակերպումների, ժամկետների և տեխնիկական բնույթի շտկումներ մտցնել որոշմամբ հաստատված կարգում՝ հստակեցնելով «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































