Ո՞վ է կառավարելու «Խաղաղության խաչմերուկի» լուսացույցը. «Փաստ»
INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության առանցքային գործոնն է։ Նրա խոսքով, դա այն իրական պատնեշն է, որն այսօր էլ խանգարում է Ադրբեջանին իր ծրագրերում, այդ թվում՝ Սյունիքի նկատմամբ հավակնություններում։
«Աշխարհում չկա պետություն, որ իր արտաքին քաղաքականությունը կառուցի միայն մարդասիրության վրա։ Ցեղասպանության ճանաչումը մեր անվտանգության գործիքն է։ Դա է Ադրբեջանին հետ պահում»,– շեշտեց Կարապետյանը։
Գեներալը ընդգծեց նաև, որ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների հանդեպ իշխանության վերաբերմունքը ոչ միայն անպատիվ է, այլև պետականության հիմքերն է քայքայում։ «Երբ երկրի ղեկավարը զոհվածի մորը ասում է՝ ուրիշ երեխաներ չունե՞ս, ապա ի՞նչ հարգանքի մասին կարող է խոսք լինել։ Իսկ երբ կառավարությունում ոչ ոք չի համարձակվում հակադարձել, դա նշանակում է, որ ամբողջ իշխանությունը մեկ մարդու կամքին է ենթարկված»,– նշեց «Համահայկական ճակատի» առաջնորդը։
Անդրադառնալով իշխանությունների խոսքերին «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ գեներալ-մայոր Կարապետյանը ձևակերպում է գլխավոր հարցը. «Խաչմերուկը թող լինի, բայց յուրաքանչյուր խաչմերուկ ունի լուսացույց, այդ լուսացույցի կառավարման վահանակը ու՞մ ձեռքում է լինելու։ Եթե հայկական կողմի ձեռքում չէ, ապա դա խաղաղություն չէ, այլ վտանգի նոր ճանապարհ»։
Գեներալը նաև ընդգծեց, որ իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն վճռական և համախմբված քայլերով. «Մենք չենք պատրաստվում ձևական հավաքների։ Գործելու ենք մեկ անգամ և մինչև վերջ։ Այլ տարբերակ չկա։ Եվ վստահ եմ՝ հաղթելու ենք»,– հայտարարեց նա։
Եզրափակելով՝ նա հիշեցրեց Չերչիլի խոսքերը. «Եթե ներսում դժգոհություն լինի, իշխանությունը կարող է կորցնել աթոռը։ Բայց եթե դրսում ձախողվի, կկորցնի երկիրը։ Սա այսօր ամենից շատ վերաբերում է Հայաստանին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































