Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն. Գրիգորի Եսայան

LIFE

Aysor.am-ը գրում է.

Կան երգիչներ, որոնց տարիների աշխատանքը երբեմն աննկատ է մնում միայն այն պատճառով, որ երգացանկում «սրտին կպնող» երգեր չեն լինում: Կան այնպիսիք էլ, ովքեր ընդամենը մեկ երգով կարող են ճանաչված ու սիրված դառնալ…

Aysor.am-ի զրուցակիցը ռուսաստանաբնակ երգիչ, Արմենիա հեռուստաընկերության «Համազգային աստղ» նախագծից հայտնի Գրիգորի Եսայանն է, ում՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարումը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Այն, կարծեք, թե գրավել է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց: Ի դեպ, այս օրերին երգիչը գտնվում է Հայաստանում և սիրով անկեղծացավ մեզ հետ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական հարցերի շուրջ:

-Գրիգորի, ե՞րբ եք Հայաստան եկել, որքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով:

-Եկել եմ հինգշաբթի օրը՝ միայն մի քանի օրով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեմ գործերս: Մի քանի հեռուստածրագրերում մասնակցելու, փոքրիկ դերով սերիալում հանդես գալու հրավեր ունեմ: Բայց ավելին չեմ ասի, քանի որ չգիտեմ՝ ինչպես կհարմարեցնեմ: Իսկ գալուս նպատակը մարդկանց ուրախացնելն ու երջանկացնելն է (ծիծաղում է): Խոսքս մասնավոր հրավերի, խնջույքի մասին է:

-Նշեցիք, որ նկարահանվելու հրավեր ունեք: Թեկուզ փոքրիկ դերով՝ չե՞ք վախենում դերասանի կարգավիճակում հայտնվելուց:

-Չէ, ինչո՞ւ, կարծում եմ, ես լավ դերասան եմ: Խաղացել եմ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի» ներկայացումներում, «Նամուս»-ում մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Սեյրանին…

-Ո՞ր թատրոնում:

-Ռուսաստանում հայկական համայնքն է կազմակերպում, մեծ թատրոնների բեմերում ենք խաղում: Ճիշտ է, նախկինում շատ ավելի ազատ ժամանակ ունեի, բայց հիմա էլ փորձում եմ հասցնել:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ցավոք սրտի՝ ոչ, բայց հոգով դերասան եմ:

-Իսկ ինչո՞ւ եք երգարվեստն ընտրել:

-Ես երգը չեմ ընտրել, երգն է ինձ ընտրել (ծիծաղում է): Ուղղակի ես մանկուց ընտրել եմ բեմը: Ինձ համար միևնույն էր՝ ինչով կզբաղվեմ, կարևորը՝ բեմում լինեմ: Երգը հաղթեց, ու ես շատ գոհ եմ դրանից:

-Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց 9 տարի առաջ՝ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Համազգային աստղ» նախագծից:

-Այո, ես այդ նախագծի միջոցով մուտք գործեցի հայկական երգարվեստ: Մինչ այդ, քանի որ Ռուսաստանում էի ապրում, այնտեղ էլ երգում էի 1995 թվականից: Սկզբում ոչ մի հայերեն երգ չունեի, միայն ռուսերեն էի ստեծագործում: Իսկ հիմա արդեն երգերիս 90 տոկոսը հայերեն եմ գրում:

-Ձեր՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարում համահայկական հիթ դարձավ, ամենուր ու բոլորն այդ երգն են երգում: Եթե չեմ սխալվում, այն Ձեր որդուն եք նվիրել, այո՞:

-Այո, երգը տղայիս համար եմ գրել ու բոլորովին նպատակ չի եղել հիթային երգ գրել: Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն: Պատկերացում չունեի, որ այս երգն այսպես կսիրվի (ժպտում է):

-Կարծում եմ, որ Ձեր տղան էլ այս երգը շատ է սիրում:

-Գուցեև սիրում է, բայց չի ասում (ծիծաղում է):

-Քանի՞ տարեկան է:

-Մարտի 26-ին կդառնա 14 տարեկան:

-Վստահ եմ, որ այս երգը Ձեր բոլոր հրավերների, միջոցառումների ժամանակ ամենաշատ պահանջարկ ունեցողն է: Պատահո՞ւմ է, որ խնդրեն մի քանի անգամ կատարել:

-Այո, որտեղ էլ լինեմ՝ այդ երգն ամենաքիչը 3 անգամ հնչում է: Երևի չհավատաք, բայց դեպք է եղել, որ 52 անգամ եմ երգել: Գիտեք, ես սիրում եմ իմաստով երգեր: Երբեք «սուտի» տեքստերով երգեր չեմ երգի. օրինակ, «վայ ջեյրանս դու գնացիր, կմեռնեմ, եթե ինձ չնայես» կամ չգիտեմ ինչ: Իմ երգերը պետք է պատմություն ունենան, հակառակ դեպքում չեմ էլ կարող գրել: Չնայած, այդ «արի-արի, գնա-գնա»-ները ժողովուրդն ավելի շուտ է ընկալում:

-Ձեր երգերի հեղինակը հենց դո՞ւք եք:

-Իհարկե, միայն մեկ երգ ունեմ, որը Գրիգոր Կյոկչյանի հետ եմ գրել. Դա իմ վերջին՝ «էլի-էլի» երգն է: Մեկ երգ էլ կա, որն աշուղ Գևոն է գրել, կոչվում է «Տաշիր»: Սա ավելի շատ ժողովրդական երգի ոճում է ու մարդկանց համար նորություն կլինի իմ կատարմամբ: Այն գրվել է հատուկ «Տաշիր» մրցանակաբաշխության համար, բայց քանի որ այդ մրցանակաբաշխությունը չկա՝ չեմ երգում: Հենց լինի, անպայման կներկայացնեմ: Այնպես որ, գրեթե երկու տարի է՝ երգն իմ պահոցում է (ծիծաղում է):

-Գրիգորի, որքան հասկացա, Ձեր ընտանիքը բնակվում է Հայաստանում, դուք՝ Ռուսաստանում:

-Ընտանիքի մասին ես չեմ սիրում շատ խոսել… Հա, այնպես է ստացվել, որ գործի բերումով ավելի շատ Ռուսաստանում եմ լինում: Սակայն վերջին երկու-երեք տարիներին հաճախ եմ Երևան գալիս: Կարելի է ասել՝ տարվա մեջ 20 անգամ: Դա նշանակում է՝ ամիսը երկու անգամ:

-Ձեր կինը հայուհի՞ է:

-(Ծիծաղում է) Միայն կասեմ, որ իմ որդու մայրը հայուհի է:

-Զավակները հաճախ շարունակում են ծնողների մասնագիտական ուղին: Ձեր տղան և՞ս ընտրել է Ձեր ճանապարհը:

-Մենք իրար հետ մեկ ռուսական երգ ունենք, կոչվում է «Супер Сочи»: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր: Հիմա իր ձայնը փոփոխություններ է կրում: Բայց ասեմ, որ գրեթե 10 տարի է՝ պարով է զբաղվում, երգելու նկատմամբ առանձնակի սեր չունի: Պարն իր մոտ լավ է ստացվում, ես էլ չեմ ուզում իրեն «զոռով» իմ ուղղությամբ տանել: Եթե ուզում է պարի, թող պարի: Թեև, չի բացառվում, որ հետագայում նորից սկսի երգել:

-Ծնունդով Ռուսաստանի՞ց եք:

-Չէ, ես ծնվել եմ Վրաստանում, Ախլցխայի հայկական գյուղերից մեկում: Ծնողներս հայեր են, նույն գյուղից են երկուսն էլ: Հայրիկիս կողմը՝ Եսայանները, Էրզրումից են գաղթել ու հաստատվել Վրաստանում:

-Զարմանալի է, որ վրացերեն երգեր չունեք:

-Երևի էլ չունենամ, քանի որ վրացերենը գրեթե մոռացել եմ: Ճիշտ է, հասկանում եմ, բայց խոսել դժվարանում եմ: Չնայած, սրտիցս չի էլ բխում վրացերեն երգել (ծիծաղում է):

-Մոսկվայո՞ւմ եք բնակվում:

-Արդեն մեկ տարի է՝ Սոչիում եմ ապրում: 1990 թվականից Ռուսաստանում եմ, Օմսկում էի սովորում: Այնուհետև տեղափոխվել եմ Բառնաուլ ու հիմա էլ Սոչի, որպեսզի Հայաստանին ավելի մոտ լինեմ (ծիծաղում է):

-Օմսկում երաժշտական կրթությո՞ւն եք ստացել:

-Ցավոք սրտի, ես երաժշտական կրթություն չունեմ, դպրոցական տարիներին միայն կիթառի մասնավոր դասերի եմ հաճախել: Բայց սերս երաժշտության նկատմամբ այնքան շատ է, որ կարող եմ և՛ երգել, և՛ ճիշտ նոտաներով նվագել ու երգեր գրել… Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա ես ճանապարհաշինարար եմ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Բառնաուլի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Բայց այնտեղ սովորելուս ցանկությունը կորավ ու երգելու նկատմամբ սեր առաջացավ:

-Որևէ ռեստորանում աշխատո՞ւմ եք:

-Ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց չեմ էլ մեղադրում աշխատողներին, քանի որ ես էլ 16 տարի աշխատել եմ ռեստորանում: Այնպես չի, որ ռեստորանում աշխատելը վատ է, հակառակը՝ շատ լավ է, մեծ փորձ ես ձեռք բերում: Կարծում եմ, ով ռեստորանում չի աշխատել, բեմում երկու-երեք կատարումից հետո «հանգելու» է, միայն շոու է ցուցադրելու և ոչ թե երգելու: Իսկ մենք կարողանում ենք առանց դադարի, կենդանի ձայնով 20-30 երգ երգել:

-Հայ երգիչների հետ համագործակցություն չի՞ սպասվում:

-Իհարկե սպասվում է: Ճիշտ է, դեռ միայն Լիլիթ Հակոբյանի և Սոչիից մեկ երգչի՝ Սեմ Պետրոսյան հետ դուետներ ունեմ, բայց գուցե առաջիկայում այլ դուետներով ևս ներկայանամ: Հիմա առաջարկներ կան, բայց նախագծերն այնքան էլ հաջող չեն, որ համաձայնեմ: Ասեմ այսպես, որը ես եմ առաջարկում՝ պատասխան չենք ստանում, որն իրենք են առաջարկում՝ մեզ չի հետաքրքրում:

-Բեմի մարդիկ սիրում են մեկուսանալ, առանձնանալ… Բնույթով ընկերասե՞ր եք, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Ծանոթներ շատ ունեմ, բայց իմ մտերիմ ընկերները տարիքով բավական մեծ են ինձանից՝ 10, 15, 20 տարի: Ասեմ, որ նրանք քիչ են, բայց շատ գոհ եմ իրենցից ու դա, ըստ իս՝ փոխադարձ է: Թեև, ես էլ շատ փոքր չեմ՝ 40 տարեկան եմ (ժպտում է):

-Կենսախինդ մարդու տպավորություն եք թողնում: Իրականում, բնավորությամբ ինչպիսի՞ն եք:

-Շատ բարդ է ինքս ինձ բնութագրելը. ուրախ ու խելոք եմ, «տժժացող» (ծիծաղում է):

-Ներողամի՞տ եք: Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք ների:

-Ես ամեն ինչ էլ ներում եմ, պարզապես դա ժամանակի հարց է: Ուղղակի տվյալ պահը պետք է անցնի, որից հետո սառում եմ ու… ամեն ինչ լավ է լինում: Ինձ գրեթե հնարավոր չի ջղայնացնել: Նույնիսկ ամենաջղային պահին գոռգոռալու հատկություն չունեմ (ժպտում է):

-Ասում են, բնավորության մի գիծ էլ ունեք. շուտ եք սիրահարվում:

-(Ժպտում է) հա, այդ մեկը հաստատ այդպես է, ես շատ շուտ եմ սիրահարվում: Բայց հիմա մի քիչ խելոքացել եմ:

-Իսկ մի՞շտ եք բարձրաձայնում Ձեր սիրո մասին:

-Գրեթե այո, երևի թե 95 տոկոս դեպքերում՝ պետք է, պետք չի,  արտահայտվել եմ: 

-Այդ քանակության մեջ երևի մերժումներն է՞լ շատ կլինեն:

-Չէ, ինչո՞ւ, մերժում գրեթե չեմ ստացել (ծիծաղում է):

-Իսկ դա անձնական կյանքին չի՞ խանգարում:

-Շա՜տ է խանգարել, բայց հիմա արդեն ոչ… Ես էլ արդեն այդպիսին չեմ: Առավել կարևոր ու հետաքրքիր արժեքներ կան ինձ համար:

-Խանդո՞տ եք:

-Բոլորովին խանդոտ չեմ: Ու կցանկանայի, որ կողակիցս էլ ինձ նման լիներ: Եվ ասեմ, որ բոլոր հարցերում եմ ադպիսին. գիտեք, թե ինչ է կատարվում շոու-բիզնեսում, ինչպես են շատերն իրար խանդում ու չարանում միմյանց դեմ, բայց ես նման իրավիճակում ճեմ հայտնվում… Չգիտեմ, երևի լավ չի, որ խանդ ընդհանրապես չունեմ, բայց դե ինչ արած՝ այդպիսին եմ:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ի՞նչ կմաղթեք մեր և Ձեր ընթերցողներին:

-Ես ևս շնորհակալ եմ: Ի՞նչ կարող եմ մաղթել՝ թող սիրեն ու միշտ սիրված լինեն: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է:

 

08.02.16, 18:52

Նելլի Մարգարյան

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds