«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի միջազգային փառատոնին
CULTURE
Օգոստոսի 22-24-ը Մոսկվայում անցկացվեց Աշխարհի երիտասարդական նվագախմբերի 3-րդ միջազգային փառատոնը՝ աշխարհահռչակ դիրիժոր Յուրի Բաշմետի ղեկավարությամբ։ Յուրի Բաշմետի փառատոնի նպատակը ստեղծագործ ուժերի համախմբումն է և աջակցությունը երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներին։ Այն համախմբում է երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանն այս կարևոր միջոցառմանը ներկայացրեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Օվսաննա Հարությունյանը (ջութակ), Նարեկ Առաքելյանը (թավջութակ), Ինգա Հովհաննիսյանը (ջութակ), Տիգրան Հարությունյանը (գալարափող), Վահե Դանիելյանը (թավջութակ), Մարտին Արշակյանը (գալարափող):
Յուրաքանչյուր մրցույթ և փառատոն նախ և առաջ հրաշալի փորձառություն է երիտասարդ երաժիշտների համար։ Դրանց օգնությամբ տեղի է ունենում փորձի փոխանակում, երաժիշտները կարողանում են ցուցադրել գործիքների տիրապետման հմտությունները։ Այս փառատոնը և նվագախմբային համատեղ աշխատանքը հայ երաժիշտներին հնարավորություն տվեց ավելի խորն ընկալել խմբային կատարումների նրբությունները։
Հիմնադրամի կրթաթոշակառուները Մոսկվայից վերադարձել են հրաշալի տպավորություններով, նոր գիտելիքներով և տարբեր երկրների մասնակիցների շրջանում ձեռք բերած ընկերներով։
Լուսանկարները՝ Ալեքսեյ Մոլչանովսկի








































































