Հուզված ենք, ոգևորված ենք, հետո տխրում ենք… շատ խառը էմոցիաներ են. «Սիմֆոնիկ Հայկո» Գառնու տաճարում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սա պարզապես համերգ չէր։ Սա հանդիպում էր Հայկոյի հետ՝ բաց երկնքի տակ, Գառնու հավերժական քարերի միջև, երգի ու լռության միացման վայրում։
Օգոստոսի 31-ին, Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանի սրտում, տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Հայկո»-ն՝ մեծ համերգ, նվիրված մեր սիրված կոմպոզիտոր և կատարող Հայկո Հակոբյանին։ Մի գիշեր, երբ երաժշտությունը վերածվեց հիշողության, իսկ հիշողությունը՝ համընդհանուր շնչի։
Հանդիսատեսը լուռ էր ու հուզված։ Որովհետև նա բեմին չէր, բայց ներկա էր ամեն մի հնչյունի, ամեն մի նոտայի, ամեն մի լռության մեջ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կատարում էր Հայկոյի ստեղծագործությունները՝ նոր երաժշտական շնչով, բայց՝ նույն հարազատությամբ։
Ելույթ էին ունենում նրա ընկերները, բեմի և կյանքի ուղեկիցները՝ Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Խորեն Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, Կամո Սեյրանյանը, Բրյունետը և այլք։
Համերգի ռեժիսորն էր Հրաչ Քեշիշյանը, նախագծի պրոդյուսերներից է Տիգրան Վիրաբյանը։
Սիմֆոնիկ Հայկոն ապացույցն էր, որ մարդը կարող է ֆիզիկապես բացակայել, բայց հոգով լինել ամենուր՝ իր ստեղծածով, իր սիրով, իր թողած սիրո խոսքով։
Սիմֆոնիա՝ նրա անունով, նրա հոգով։ Մի խոսքով՝ Հայկոյի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































