ՔՊ-ում դժգոհ են ներկուսակցական խնդիրներից
ANALYSIS
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, երիտասարդական կառույցի նախագահ, քարտուղար են ընտրել, մի քանի ընթացակարգային հարցեր քննարկել, այդ թվում՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք համաժողովի կազմակերպման աշխատանքներին առնչվող հարցեր։ Մեր տեղեկությունների համաձայն՝ վարչության նիստն ամենևին էլ հարթ չի ընթացել։
Մի շարք անդամներ, որոնք այս օրերին մասնակցում են ներկուսակցական քարոզարշավին, բողոքել են մյուսներից, նշել, որ վերջիններս բավականին լուրջ աջակցություն են ստանում հենց կուսակցության ղեկավարության կողմից։ Տպավորություն է, թե Փաշինյանը ամեն ինչ անում է գործող վարչության կազմից մի քանի անդամների պարզապես դուրս թողնելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն ինքը որևէ կերպ չի արձագանքել այս մեղադրանքներին, միայն քթի տակ քմծիծաղ է տվել։
Ավելի վաղ նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է գործող վարչության կազմի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչների կուսակցության ապագա վարչությունից դուրս թողնելու և ընդլայնվող կազմում բացառապես իրեն հավատարիմ մարդկանց ներգրավելու համար։ «Քաղպայմանագրում» նաև քննարկում են վարչության անդամների ընտրությունն այլ ձևաչափով իրականացնելու հնարավորությունը, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն վարչության կազմում։
Թեպետ Փաշինյանը որոշակի խնդիրներ ունի կուսակցության ներսում գործող կլանների հետ, հասկանում է, որ բոլորին չի կարող դուրս թողնել վարչությունից և ստիպված է լինելու մի քանիսին պահել, բայց և՝ 20 հոգանոց վարչություն ստեղծելով և այնտեղ մեծ քանակությամբ կանանց ներգրավելով, Փաշինյանը հույս ունի այդ կերպ հավասարակշռությունն ապահովել իր օգտին և ցանկացած հարց անցկացնել առանց լուրջ դիմադրության։
Գայանե Մուրադյան




















































