Մինչև հայաստանյան ռեժիմը մտածում է բանակում ծառայության ժամկետների կրճատման ուղղությամբ, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը․ Աբրահամյան
BLOG
Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը, միգուցե, ուշադրության չարժանանար, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չփոխանցեին, որ համապատասխան հրամանագիր ստորագրել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Որքան էլ Ալիևը փորձում է իր ռազմական հաջողությունների հարցում տարանջատվել Թուրքիայից` իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային դերակատարի, հենց Թուրքիայի պաշտոնական շրջանակներն են հաստատել թուրքական բանակի և նրա հետախուզության գործուն ներկայությունը ադրբեջանական բանակի արդիականացման և Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական գործողություններում:
Մինչև հայաստանյան ռեժիմը մտածում է բանակում ծառայության ժամկետների կրճատման, ռազմական բյուջեի հնարավոր նվազեցման ուղղությամբ, իսկ եղած խնդիրների նկատմամբ «ջայլամային քաղաքականություն» է վարում, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը»,-գրել է Աբրահամյանը։




















































