Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երկրորդն է աշխարհում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաստակավոր մարզիչ, անցյալի նշանավոր ըմբիշ Մովսես Կարապետյանի գլխավորած Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երկրորդ տեղը գրավեց Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Նրա ղեկավարած մարզչական եռյակի շնորհիվ մեր պատվիրակները նվաճեցին չորս մեդալ:
ՀԱՕԿ-ը գրում է. Գովեստի է արժանի Էջմիածնի Ակնաշեն գյուղի բնակիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա ծնկի բերեց հաջորդաբար ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին ՝ 6:2, ղազախստանցի Յուսուպ Աշրապովին՝ 3:1, բուլղարացի Սերգեյ Ստոևին ՝ 7:1, հույն Արիոնաս Կոլիցոպուլովսին՝ 5:1 և վճռական գոտեմարտում ուզբեկ Ահմադ Կոդիրովին՝ 1:1:
Ոսկե պարգևի համար պայքարը արտասովոր լարված բնույթ կրեց: Սկզբից ևեթ Գասպարը նկատեց, որ մրցակիցը խառը գործողություններով գրոհային ոճի մարզիկ է: Նման ըմբշին << չեզոքացնելու >> համար մեր պատվիրակը ճիշտ տակտիկա ընտրեց. քողարկված գրոհներով ստանձնեց նախաձեռնողի դերը, մրցակցին հոգնեցրեց, որի արդյունքում մրցավարը նկատողություն հայտարարեց ուզբեկին ու միավոր շնորհեց հայորդուն:
Առաջինը միավոր վաստակած Գասպար Տերտերյանը արժանիորեն հռչակվեց աշխարհի երիտասարդների չեմպիոն: Այս առթիվ շնորհավորեցինք ոսկե դափնեկրի անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ էջմիածինցի Սիմոն Կարապետյանին: Ասաց, որ իր սանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է նույն տարիքայինների Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 2023 –ին՝ աշխարհի փոխչեմպիոն: Մարզիչը նաև նշեց, որ ինքը հիմնականում աշխատում է ըմբշամարտում հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն և գավաթակիր Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում և հաջողության գործում մեծ է նաև այդ մարզօջախի գործընկերների դերը:
Բուլղարիայի ստուգատեսում հիանալի գոտեմարտեր անցկացրին նաև փոխչեմպիոնի կոչումով հայրենիք վերադարձող 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և բրոնզե մեդալակիր, 87 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը:
Սամոկովի մրցագորգերի վրա մեր թիմի բոլոր տղաները ընդհանրապես դրսևորեցին մարտունակություն, մրցման սկզբից մինչև վերջ պայքարելու, հաղթելու վճռականություն: Այդ ամենը վկայում են, որ մեր ազգային հավաքականը հուսալի հերթափոխ ունի:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































