Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Արմանս ինձ ասում էր՝ մա՛մ ջան, օրով ապրի ու պարզ ճակատով, հիմա նա է ինձ ուժ տվողը և, իհարկե, իմ ընտանիքը». Արման Պետրոսյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին, տուն «վերադարձել» 80 օր անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմանը շատ աշխույժ երեխա է եղել։ Տանն աշխույժ էր, դրսում՝ համեստ ու զուսպ։ Իր աշխուժության, ճարպկության շնորհիվ իրեն բոլորը «Ճուտո» էին կոչում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արմանի մայրիկը։ Հինգ տարեկանից Արմանը հաճախել է Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոց։ «Իր աշխուժությունն առիթ հանդիսացավ, որ պապիկն իրեն այդ դպրոց տանի։ Տարիքի համեմատ մարմնով փոքր էր, բայց բոլոր առաջադրանքներն այնքան լավ էր կատարում։ Իրեն այնտեղ շատ էին սիրում։ Երբ սկսեց դպրոց հաճախել, դժվար էր նաև մարմնամարզության հաճախելը։ Դուրս եկավ մարզադպրոցից։ Իսկ դպրոցում արդեն կարատեի խմբակ կար, սկսեց այնտեղ հաճախել ։ Մինչև հինգերորդ դասարանը գերազանց է սովորել։ Անգամ որպես լավագույն աշակերտ իր նկարը փակցրել էին դպրոցում։ Ընդունակ էր շատ, ուղղակի ինչ-որ պահի առաջադիմությունը թուլացավ։ Սիրում էր մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը, պատմություն և օրենսդրություն էր շատ ուսումնասիրում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ նաև կարատեի բազմաթիվ մրցումների է մասնակցել, մրցանակային տեղեր զբաղեցրել»։ Մայրիկի խոսքով, որդին հետաքրքրասեր էր իր տեսակով։ Կարատեի է հաճախել, եռամարտի։ «Բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր ունի»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի խոհարարական բաժինը։ Տիկին Կարինեն ասում է՝ որդին սիրված ու գնահատված է եղել ամենուր. «Ընկերներին էր շատ նվիրված, միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին»։

2016-2018 թվականներին Արմանը ժամկետային զինծառայության է անցել Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ իրենք Զոդի զորամասում էին՝ ուսումնական նպատակներով։ Բայց առավոտյան զանգահարեց, որ վերադառնում են Քարվաճառ, պատերազմ է։ Ամենաթեժ գծում չեն եղել, բայց վտանգավոր հատվածում էին և միանգամից դիրքեր էին բարձրացել։ Ծառայությունը շատ էր սիրել, Քարվաճառը շատ էր հավանում։ Լավ ընկերներ էր ձեռք բերել, հրամանատարի մասին հարգանքով էր խոսում»։

Բանակից վերադառնալուց հետո Արմանը հայտնում է մայրիկին իր որոշման մասին։ «Ասեմ, որ Արմանը կարգ ու կանոն էր սիրում, օրենքով պետք է լիներ ամեն ինչ, բայց նախ և առաջ սիրում էր մարդկանց պաշտպանել։ Սկզբում աշխատանքի ընդունվեց «Արմոբիլ» անվտանգության ծառայությունում, այնուհետև գործերը տվեց Ոստիկանության ակադեմիա»։ Արմանը պայմանագրային զինվորական ծառայության է անցել Ներքին զորքերի ոստիկանության N զորամասում: «Երեք ամիսը մեկ դիրքեր էին բարձրանում։ Հսկում էին Տավուշի մարզի սահմանապահ դիրքերը: Նրա նպատակն իր հողը, իր երկիրը պաշտպանելն էր։ Ոստիկանի համազգեստի, իր աշխատանքի հանդեպ մի այլ տեսակի նվիրվածություն ուներ։ Ոստիկանությունում ծառայելու ընթացքում Հայաստանում մասնակցեց եռամարտի մրցումներին, նվաճեց առաջին տեղը։ Դրա շնորհիվ 2019 թվականին Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցեց Եռամարտի աշխարհի առաջնությանը՝ կրկին գրավելով առաջին հորիզոնականը»։ Երբ Հայաստանում սկսում է գործել Ոստիկանության պարեկային ծառայությունը, Արմանը որոշում է իր ուժերն այնտեղ փորձել։ «2020 թվականն էր, քննություններն էր հանձնում, հոկտեմբերի 3-ին վերջին քննությունն էր։ Պատերազմի օրերին իր տեղը չէր գտնում, բայց ասում էր՝ պետք է քննությունս հանձնեմ, որ վստահ լինեմ՝ հետ գամ, աշխատանք եմ ունենալու։ Հոկտեմբերի 3-ին քննությունը հանձնեց ու ասաց՝ կարող եմ գնալ, մա՛մ ջան։ Մինչ քննությունը հանձնելը Ոստիկանության ակադեմիայից իր զինգրքույկը վերցրել էր, փոխանցել մեր զինկոմիսարիատին, որ այնտեղ չմտածեն, թե նա խուսափում է պատերազմ մեկնելուց»։

Տիկին Կարինեն ասում է՝ որդին կապ էր պահպանում դեռ ժամկետային զինծառայության ժամանակ ձեռք բերած ընկերների, հրամանատարի հետ։ «Երբ պատերազմն սկսվեց, ինձ ասաց. «Մա՛մ ջան, ես տանը նստած եմ, 18 տարեկան տղաները պատերազմի մեջ են, այսպես ո՞նց կլինի»։ Իր տեղը չէր գտնում, սպասում էր քննությանը, բայց այդ ընթացքում էլ սնունդ էր տանում այն կետերը, որտեղ այն հավաքագրում էին, վիրավորներին էր այցի գնում։ Սեպտեմբերի 30- ին իրեն կանչեցին, բայց չտարան։ Պայուսակը՝ պատրաստ, քանի որ դիրքեր էր պահել, գիտեր, թե ինչ է պետք գալու, գնացել էր։ Հոկտեմբերի 4-ին նորից զանգահարեցին, պատրաստակամ գնաց, բայց կրկին չտարան։ Հետաքրքիր մի զուգադիպություն կա. սեպտեմբերի 30-ին հայրիկի ծննդյան օրն է, հոկտեմբերի 4-ին՝ եղբոր։ Երբ երկրորդ անգամ էլ չտարան, Արմանս ասաց՝ ես էլ տանից դուրս չեմ գալու, ամաչում եմ։ Իրեն ասում էի՝ կարևորն այն է, որ դու չես խուսափում գնալուց։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան զանգահարեցին, տանը ճաշում էինք։ Ասացին, որ առավոտյան ներկայանա։ Արմանն արձագանքեց՝ կարո՞ղ է գամ, ու էլի չտանեք։ Հոկտեմբերի 16-ին մեկնեց, մեզ ասացին, որ 14 օրով տանում են Արմավիր, բայց այնտեղ չտարան։ Լաց չեմ եղել, երբ մեկնում էր ժամկետային զինծառայության, չեմ լացել, երբ դիրքեր էր բարձրանում, բայց այդ օրը ես լաց եղա»։

Արմանը հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան հասնում է Գորիս, այնտեղից նրանց տեղափոխում են Իշխանաձոր, հետո՝ Ջրական։ «Արմանս զանգեց՝ մամ, մենք գնում ենք Ղարաբաղ։ Գիտեի իր պատասխանատվության աստիճանը, որ հենց հարմար պահ լինի, կզանգահարի։ Բայց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը կարծես ուժեղ հարված եմ զգացել թիկունքիս ու առաջինն այդ պահին մտածել եմ Արմանիս մասին։ Հոկտեմբերի 20-21-ն էր, երազիս Արմանս եկավ՝ մամա, սոված եմ, հաց կտա՞ս։ Զգացողություն ունեցա, որ ուրեմն սոված է։ Երազներիցս մեկում էլ Արմանս դռներ էր բացում իրար հետևից ու մեկ էլ գնաց»։ Հոկտեմբերի 16-ից՝ վերջին զանգից հետո ընտանիքն Արմանից լուր չի ունենում։

Նոյեմբերի 9-ին, երբ մայրիկը մանկապարտեզում աշխատանքի է լինում, անասելի վատ զգացողություն է ունենում։ «Գործընկերս հարցրեց, թե ինչ է պատահել, արձագանքեցի՝ վատ բան եմ կանխազգում։ Արդեն հրադադար էր, զանգում էինք Արմանին, զանգերը գնում էին, պատասխանող չկար»։ Հենց այդ օրվանից էլ ընտանիքը փշուր առ փշուր տեղեկություններ է հավաքում որդու մասին։ Տեղեկանում են, որ իրենց որդին մեկնել է Ջրական։ «Այնտեղ մարտերի մեջ են եղել։ 97 հոգուց 32-ն են վերադարձել տուն։ Տղաներն են պատմում՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան մարտ է եղել, հետո դադար։

Վալերի Քոչարյանը հրաման է տվել՝ տղաներ, դիրքավորվեք, իջնեմ ներքև, գամ։ Գնում է, և կրկին հարձակում է սկսվում ԱԹՍ-ներով, դիպուկահարներով։ Ողջ մնացած տղաները պատմում են, որ իրենք Արմանին զոհված չեն տեսել։

Արմանի, իր հրամանատարի և ևս մեկ տղայի մարմինները դեպի Հադրութ գնացող ճանապարհից են դուրս բերել։ Հավանաբար, այդ ուղղությամբ են շարժվել»։ Արմանի անմահանալու օր է նշվում հոկտեմբերի 18-ը, նա տուն է «վերադարձել» 80 օր անց։ «2021 թվականի հունվարի 3-ին քննիչը մեզ հայտնեց, որ Արմանին գտել են ու Հերացի ուղարկել։ Ես տեսել եմ նկարները, հագուստի վրա աջ կողմում արյուն կար, այսինքն՝ իմ տղան վիրավոր է եղել, հավանաբար, արնահոսել է, գուցե մի քանի օր ողջ է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Երբ իր հայացքը գալիս է աչքիս առաջ, դա է ինձ ուժ տալիս։ Իր աչքերն եմ հիշում, երբ նստեց մեքենան ու գնաց։ Արմանս ինձ ասում էր. «Մա՛մ ջան, օրով ապրի ու պարզ ճակատով»։ Նա է հիմա ինձ ուժ տվողը և, իհարկե, իմ ընտանիքը։ Արմանս ավագ քույր և կրտսեր եղբայր ունի։ Փոքր տղաս հաճախ է ասում՝ ինչո՞ւ եղբայրս իմ կողքին չէ, պետք է իմ կողքին լիներ, ամեն ինչ իրար հետ անեինք։ Հիմա մտածում եմ՝ եթե կոտրվեմ, իմ ընտանիքն էլ կթուլանա։ Համարում ենք, որ Արմանը մեր կողքին է»։

Հ. Գ.- Արման Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank