Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաստ»
POLITICS
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանն էլ տարածքներ ունի Հայաստանի վերահսկողության ներքո։ «Ասելիս, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում»,-նշել է նա:
Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստվում է ադրբեջանական անկլավները՝ Տավուշում և Արարատի մարզում (Քյարքի) տրամադրել Բաքվին, այսինքն՝ հայվրացական և հայ-իրանական ճանապարհների նկատմամբ հսկողությունը, այդ թվում՝ կրակային, անցնելու է Բաքվին, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է սադրանքներ հրահրել և փակել հայ-վրացական և հայ-իրանական՝ Երևանի համար կարևորագույն ճանապարհները»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն ու ՔՊ-ն «Թրամփի ուղիով», որը դե-ֆակտո «Զանգեզուրի միջանցք» է, Սյունիքի բանալիները տրամադրում է ԱՄՆ-ին և թուրք-ադրբեջանական տանդեմին։ «Սյունիքը հայտնվելու է շրջապատված ամրոցի կարգավիճակում, երկու կողմերից՝ Նախիջևան և օկուպացված Արցախ, Սյունիքը շրջապատված է լինելու ադրբեջանական դիրքերով և խրամատներով, դրան զուգահեռ՝ փաշինյանական դիլետանտ քաղաքականության արդյունքում Սյունիքը նաև կտրվում է Իրանից՝ «Թրամփի ուղի» կոչվող պանթուրքական լոգիստիկայով»,-նշում են հեղինակները։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշում է, որ Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չէ: Եվ, առհասարակ, նրա կարծիքով, փախստականների վերադարձի օրակարգից խոսելը վտանգավոր է, որը կվնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։
«Փաշինյանն ընդմիշտ փակեց արցախյան հարցը՝ արցախցիներին դարձնելով անտուն և փախստական։ Փաշինյանը հստակ մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին և Արևմուտքին. քանի դեռ նա է Երևանում իշխանության, Արցախյան հարցը մնալու է փակ, իսկ արցախցիներն աստիճանաբար արտագաղթելու են ՀՀ-ից՝ չունենալով աշխատանք և սոցիալական նորմալ պայմաններ։ Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին հատուկ օպերացիայի միջոցով, որն անվանվեց «թավշյա հեղափոխություն», բերվեցին իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և ՀՀ-ն դեպի Արևմուտք և ՆԱՏՕ տանելու համար, ինչն էլ նա և նրա հարստացող խմբակն ամեն օր կյանքի են կոչում՝ ՀՀ քաղաքացիների անտարբերության, պասիվության և ընդդիմության թուլության արդյունքում»,- գրում է ալիքն ու հավելում, որ եթե ընդդիմությունն ու հայ ազգի առողջ հատվածը չկարողանան հեռացնել Փաշինյանին և թիմին, ապա ՀՀ-ն դե-ֆակտո վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի», իսկ Փաշինյանը վերարտադրվելու է նաև 2026 թ. ընտրություններով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































