«Հարսնաձորի լեգենդը»․ սեր, լեգենդներ և ինտրիգներ. նոր հեռուստասերիալ՝ Արմենիա TV-ի եթերում
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 1-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Հարսնաձորի լեգենդը»։ Ֆիլմը խոստանում է դառնալ սիրո, հավատարմության և հայրենիքին նվիրվածության պատմություն՝ միահյուսված հայկական լեգենդների ու ժամանակակից կյանքի հետ։
Պրոդյուսեր՝ Ելենա Արշակյան, ռեժիսոր՝ Գոհար Արշակյան, սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյան։ Դերասանական կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը և այլք։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին ու զրուցել ստեղծագործական թիմի հետ:
«Ցույց տալ գեղեցիկ վայրերն ու մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը». Անահիտ Մխիթարյան
«Հերոսուհին ծնվել և մեծացել է Սյունաց աշխարհում և մանկուց լսելով Հարսնաձորի լեգենդը, ինքն էլ հավատում է սիրո ուժին ու կարևորությանը։ Չեմ ուզում մանրամասներ բացել, բայց սյուժեն այնպես է կառուցված, որ լեգենդը կարևոր տեղ ունի մեր պատմության մեջ։
Ես ու Ելենան որոշում ենք կայացրել, օգտագործելով հեռուստատեսության ուժը, մեր կարողությունների չափով անդրադառնալ Հայաստանին, ցույց տալ գեղեցիկ վայրերը, պատմել լեգենդները, ներառել հին երգերը և մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը։ Կարծում եմ՝ սրանից լավ գնահատական լինել չի կարող:
Չեմ կարող չնշել «Լեռները կհիշեն» նախագծի մասին, որի նկարահանումներից հետո մեծացավ հետաքրքրությունը Խուստուփի հանդեպ:Մինչև այսօր մարդիկ պատմում են, որ մեր եթերից հետո նպատակադրվել ու Խուստուփ են բարձրացել: Կարծում եմ, սրանից լավ գնահատական լինել չի կարող»:
«Սցենարը կարդալուց բոլորս հուզվում ենք». Ռոմելա Սարգսյան
«Բավականին ինտրիգային և շատ-շատ հուզիչ պատմություն է, այնքան հուզիչ, որ մենք դերասաններով, երբ սենյակում կարդում ենք, անպայման հուզվում ենք։
Իմ կերպարը արդարամիտ, արդարախոս ու համարձակ աղջիկ է, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ ու էմոցիոնալ։ Կերպարս՝ Նարեն ինձ տալիս է ավելի համարձակ լինելու կամ նույնիսկ այն իրավիճակներում խոսելու ուժ, երբ թվում է՝ պետք չէ»:
«Թիմը շատ հարազատ է դարձել». Թամ Սահակյան
«Կերպարս՝ Սոնան, բավականին ինձ նման է․ ուժեղ աղջիկ է, իր ուզածին հասնող։ Նա սիրահարված է և իր ընկերոջ համար պատրաստ է ամեն ինչի։
Պատմությունն այս սերիալում շատ խորն ու հետաքրքիր է, այն տարիներով կուտակված վրեժի մասին է։ Նկարահանումները շատ թեթև են անցնում, թիմը շատ հարազատ է դարձել»:
«Կերպարս ինձ շատ բան է սովորեցնում». Կարեն Մանթաշյան
«Ամերիկայից վերադարձա Հայաստան և միանգամից ստացա այս սերիալի առաջարկը։ Շատ գոհ եմ և ամեն ինչ կանեմ, որ ներդրում ունենամ։
Իմ կերպարը շատ հետաքրքիր է․ նա գյուղում ապրող կրիմինալ տղա է, բայց շատ կարգին և լուրջ։ Կերպարը նաև ինձ է շատ բան սովորեցնում, ինձ մոտ է, դրա համար վստահ եմ, որ կարող եմ հաջողությամբ խաղալ այս դերը»:
«Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը եթերում կլինի սեպտեմբերի 1-ից։ Ստեղծագործական խումբը վստահ է՝ պատմությունը ոչ միայն կգրավի հեռուստադիտողներին, այլև կոգեշնչի մեկ անգամ ևս բացահայտելու Հայաստանի գեղեցիկ վայրերն ու հարուստ լեգենդները։




















































