Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը
ANALYSIS
Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են կատարել Ստոկհոլմի արտակարգ արբիտրաժի որոշումը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկզբունքորեն չի արձագանքում Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմանը։
Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ, հաշվի առնելով Ստոկհոլմյան արտակարգ արբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։ «Լիպարիտ Դրմեյանը որևէ մեկին աշխատանքից ազատելու կամ պահանջներ ներկայացնելու իրավասություն չունի։ Նա ընդամենը ներկայացրել է, թե ինչպես պետք է կիրառվի Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռը»,– հայտնել են գրասենյակի մամուլի ծառայությունից։
Փաստացի, նույնիսկ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավական պարզաբանումից հետո Փաշինյանը որևէ մտադրություն չունի կատարել արբիտրաժի որոշումը, թեպետ դա լուրջ սանկցիաների պատճառ կարող է դառնալ Հայաստանի դեմ։ Ավելին, նշանակված ժամանակավոր կառավարիչը շարունակում է փոփոխություններն ու ազատումները «Հայաստանի էլեկտրական ցանցերում»։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր հայցեր է պատրաստվում ներկայացնել արբիտրաժ, օրեր առաջ էլ ՀՀ-ից 500 մլն դոլար էին պահանջել ՀԷՑ-ի բռնի պետականացման համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀԷՑ-ի պետականացումը ծանր հետևանքներ է ունենալու, թե ինչ ծավալներով, պարզ կլինի առաջիկայում։
Էմմի Միքայելյան




















































