Մեքենա, որին հարգում էին, երազում ու երբեմն էլ... վախենում. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս մեքենան նույն հաջողությամբ տեղափոխել է թե՛ նախարարներին, թե՛ նորապսակներին, ու այն հուսալիության, ոճի և մի քիչ էլ երազանքի խորհրդանիշ էր։ Խոսքը ԳԱԶ-24 «Վոլգայի» մասին է։
ԽՍՀՄ-ում յուրաքանչյուր մեքենա ուներ իր ճակատագիրը։ Բայց ԳԱԶ-24-ինը յուրահատուկ է։ Դա պարզապես մեքենա չէր։ Դա «Վոլգա» էր մեծատառով։ Նրան հարգում էին, նրա մասին երազում էին, նրանից վախենում էին (հատկապես, եթե հատուկ թարթող լույսեր ուներ): Եվ ամենակարևորը՝ նա ամենուրեք էր՝ հարսանիքներից մինչև գաղտնի գործակալություններ, գյուղերից մինչև Կրեմլ։
ԳԱԶ-24 մոդելի ստեղծման առաջին աշխատանքներն սկսվել են 1961 թվականին Գորկու գործարանի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Նևզորովի ղեկավարությամբ։ Արտաքին դիզայնը մշակվել է երիտասարդ դիզայներներ Կիրեևի և Ցիկոլենկոյի կողմից։ Միաժամանակ մշակվել են մի քանի տարբերակներ շարժիչների համար (շարքային 4-գլանային, V-աձև 8 գլանային): Ինչպես նախորդ ԳԱԶ մոդելները, նոր «Վոլգայի» դիզայնը ևս կողմնորոշված էր դեպի Հյուսիսային Ամերիկայի ավտոարդյունաբերությունը, քանի որ 1950-1970-ական թվականներին ԱՄՆ-ն ամուր կերպով պահպանում էր առաջատար ավտոմոբիլային տերության կարգավիճակը։ Սկզբնապես «վերևից» հրահանգ էր տրվել պարզապես «հարթեցնել» ԳԱԶ-21-ի փքված թափքը՝ ավելի նորաձև խիստ և լակոնիկ գծեր ստանալու համար։ Փորձարկման համար նախատեսված նախատիպերը ստեղծվել են 1962-1963 թվականներին, իսկ բազային նմուշները՝ 1964-1966 թվականներին։ 1967 թվականին մեքենաները ներկայացվել են ԽՍՀՄ ղեկավարությանը Կրեմլում և ստացել զանգվածային արտադրության հաստատում: Սակայն արաբա-իսրայելական պատերազմների սկսվելու պատճառով արտադրության մեկնարկը հետաձգվել է՝ հօգուտ բեռնատարների և զրահափոխադրիչների արտադրության։
ԳԱԶ-24-ների փոքրածավալ հավաքումը սկսվել է միայն 1968 թվականի կեսերին (32 մեքենա), իսկ զանգվածային արտադրությունը, բնականաբար՝ ոչ պատահաբար, համընկել է 1970 թվականի Լենինի տարեդարձի օրվա հետ, երբ 215 մեքենա է հավաքվել լիովին սերիական տեխնոլոգիայով՝ առանց հոսքագիծը կանգնեցնելու։ ԳԱԶ-24-ը այնպիսի տեսք ուներ, կարծես լրտեսական ֆիլմի համար է ստեղծված։ Քրոմ, արտահայտիչ ռադիատորային ցանց, վստահ գծեր. այն անմիջապես ճանաչելի էր ճանապարհին։ Սրահը՝ ընդարձակ, նստատեղերը՝ բազմոցների նման, ղեկը՝ գրեթե ավտոբուսի ղեկի նման։ Ներսից կաշվի և «պետական նշանակության» հոտ էր գալիս։
Մեքենա ժողովրդի համար, իսկ իրականում... ոչ այնքան։ Ֆորմալ առումով հնարավոր էր գնել ԳԱԶ-24, գործնականում կարելի էր միայն «հաջողացնել» ձեռք բերել այն։
Այն աշխատում էր որպես տաքսի՝ դեղին, «շախմատով» և հաշվիչով։ Տաքսու վարորդները երազում էին նման մեքենայի մասին՝ հուսալի, փափուկ, ամեն ինչ մարսող, կարելի էր անգամ ընթացքի ժամանակ վերանորոգել։ Նորապսակները հարսանիքի համար «Վոլգա» էին վարձակալում, որպեսզի այդ միջոցառումը գեղեցիկ լինի, ինչպես ֆիլմերում։ Բայց սև ԳԱԶ-24-ը ամենաառանձնահատուկ կարգավիճակն ուներ, հատկապես եթե նաև անտենայով էր. դա արդեն իշխանություն էր, հատուկ ծառայություն։ ԳԱԶ-24-ը իշխանության խորհրդանիշ էր առանց ցուցադրական հարստության՝ իդեալական համադրություն Խորհրդային Միության համար։
ԳԱԶ-24-ը արտադրվել է մինչև 80-ականների վերջը, այնուհետև այն փոխարինվել է ԳԱԶ-3102-ով։ Բայց լեգենդը չի մեռել։ Հիմա էլ այն կարելի է գտնել ռետրո ավտոտնակներում, մեքենաների փառատոններում և անգամ փողոցներում: Դա պարզապես մեքենա չէ։ Դա մի ամբողջ դարաշրջան է...
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































