Ռուս հետախույզներին ԱՄՆ-ից տեղափոխո՞ւմ են Հայաստան և Ադրբեջան
ANALYSIS
Ռուս-ամերիկյան հարաբերությունների լավացման, Թրամփ–Պուտին հանդիպման ֆոնին ռուսաստանյան առաջատար տելեգրամյան ալիքներն ուշագրավ տեղեկություն են հայտնում, որն անմիջականորեն առնչվում է Հարավային Կովկասին։ Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը սկսել է իր աշխատակիցների զանգվածային հետկանչը Միացյալ Նահանգներից։ Ընդ որում, հետախույզների գրեթե կեսը վերադառնում է Ռուսաստանի Դաշնություն կամ ստանում է նոր աշխատանքային վայրեր՝ խուսափելու համար ավելորդ լարվածություն առաջացնելուց այն պահին, երբ Վաշինգտոնի հետ հարաբերությունները ցույց են տալիս ջերմացման նշաններ։
Զրուցակիցները պնդում են, որ Մոսկվայում որոշում է կայացվել «դադարեցնել ակտիվ գործունեությունը» Միացյալ Նահանգների տարածքում և թողնել միայն սահմանափակ թվով մասնագետներ, որոնք աշխատում են առանցքային ուղղություններով։ Նման քայլը դիտարկվում է որպես ազդանշան՝ Պուտին–Թրամփ բանակցություններից հետո փոխգործակցության նոր մոդելի պատրաստակամության մասին։
Միևնույն ժամանակ, այդ ալիքների տվյալներով, կադրերի մի մասը չեն ուղարկում Ռուսաստան, այլ տեղափոխում են այլ վայրեր։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին՝ երկրներ, որոնք վերջին ժամանակներում ավելի ու ավելի են հեռանում Մոսկվայից և կապեր են հաստատում այլ ուժային կենտրոնների հետ։ Կրեմլում կարծում են, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար մնում է ռազմավարական կարևոր տարածաշրջան, որտեղ անհրաժեշտ է, այսպես կոչված, «ձեռքը պահել զարկերակի վրա»։ Հետևաբար, հետախուզությունը մտադիր է հենց այնտեղ ուժեղացնել իր ներկայությունը՝ ուղղակիորեն փաստական տեղեկատվություն ստանալու համար, այլ ոչ թե դիվանագիտական ֆիլտրերի միջոցով։
Անժելա Վարդանյան




















































