Վրացյանի «Խարխափումներ»-ը վերահրատարակվել է
CULTURE
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ»-ի 190 էջանոց հատորը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՆԻ կենտրոնից, հատորի տպագրությունը հովանավորվում է Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանի կողմից: «Խարխափումներ»-ը վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում: Այս գիրքը տպագրվել է 1924 թվականին Բոստոնում արեւելահայերենով եւ մեսրոպյան ուղղագրությամբ: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակել է արեւելահայերենով, բայց աբեղյանական (Հայաստանում, Արցախում եւ նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն) տարբերակով:
Վրացյանի հատորը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլեւս» գրքին: ԱՆԻ կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առաջիկա օրերին «Լուսակնի» տպարանից դուրս կգան ԱՆԻ-ի վերահրատարակած եւս հինգ հատորներ: Դրանք են Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», ինչպես նաեւ այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ 750 էջանոց հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը: Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































