Հանրահայտ Ars Nova Napoli իտալական խումբը ելույթ է ունեցել Երևանում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արամ Խաչատրյան համերգասրահում hուլիսի 24-ին տեղի է ունեցել նեապոլիտանական երաժշտության բացառիկ երեկո՝ իտալական հանրահայտ Ars Nova Napoli խմբի մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում հնչել են սիրված նեապոլիտանական երգեր, որոնք հանդիսատեսին են փոխանցել քաղաքի ջերմությունն ու հոգին։ Ars Nova Napoli խումբն առաջին անգամ էր Հայաստանում՝ ներկայացնելու հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։ Խմբի անդամները նշում են, որ թեև ընդամենը մեկ օր է, ինչ Հայաստանում են, արդեն զգացել են ջերմ ընդունելությունը։ Նրանք նկատել են նաև հետաքրքիր նմանություններ՝ նույնիսկ երաժշտության մեջ։ Հավելել են, որ շատ տպավորված են Երևանով։
Խումբը հայտնի է իր կատարումներով՝ համադրելով պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ։ Ars Nova Napoli-ն ստեղծվել է 2009-ին՝ Նեապոլի պատմական փողոցներում։ Սիրով լցված Կամբանիայի ժողովրդական երաժշտության հանդեպ՝ նրանք իրենց առաջին ելույթներն իրականացնում էին հենց փողոցում՝ կիսելով իրենց երաժշտությունն անցորդների հետ։ Ժամանակի ընթացքում փողոցը դարձավ ոչ միայն բեմ, այլ ամբողջական գաղափար․ Ars Nova Napoli-ն մինչ օրս մնում է նվիրված ժողովրդական մշակույթը տարածելու ու այն բոլորին հասանելի դարձնելու իր սկզբունքին։ Այս համերգը բացառիկ հնարավորություն էր հանդիսատեսի համար՝ մշակութային ուղևորություն դեպի Նեապոլ, մի քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։
Համերգն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։ Մշակութային երեկոյին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































