ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին
ANALYSIS
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին և համագումարին ընդառաջ, Փաշինյանը բավական ուշագրավ մի քայլ է փորձում ձեռնարկել, որով վարչության անդամության հնարավորությունից կզրկի բոլոր այն գործիչներին, ում ներկայությունը չի ցանկանում տեսնել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին կայանալիք համագումարի համար վարչության նոր 20 հոգանոց կազմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել 42 թեկնածուներ, որոնք բոլորն էլ, իհարկե, հայտնի են Փաշինյանին իրենց նվիրվածությամբ, բայց Փաշինյանը ցանկանում է ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք երբեք որևէ կերպ իրեն չհակաճառեն։ Այդ նպատակով ՔՊ-ում բարեվարքության հանձնախումբ են ստեղծել, որը քննելու է բոլոր թեկնածուների հայտերը, նրանց հետ կապված սեռական կամ ֆինանսական սկանդալները, և այդ հիմքով տարբեր մարդկանց հանելու է ցուցակներից։ Ըստ այդմ, Փաշինյանը ցանկանում է ընտրություններից առաջ մաքրել թեկնածուներին՝ թողնելով առավելագույնը 30 ամենահավատարիմներին, որոնցից 20-ին էլ կընտրեն վարչության անդամ։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմի ներսում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Շատերը, որոնք վերջին շրջանում իրենց պասիվ են դրսևորել կամ առանձնապես Փաշինյանի աչքից ընկել են, վստահ են, որ այդ հանձնաժողովն իրենց մասով բացասական որոշում կարող է կայացնել, թեպետ «Քաղպայմանագրում» յուրաքանչյուրի վրա կարելի է ցանկացած չարաշահում կամ զանցանք հայտնաբերել, բայց նման հանձնախմբի ստեղծումը Փաշինյանին հարկավոր է միայն մեկ նպատակով՝ ցուցակներում թողնել առավել հավատարիմներին։
Անահիտ Մանուկյան




















































