Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Նպատակն էր Արցախում դասական երաժշտության զարգացումը խթանելը։ Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը երկար տարիներ գործունեություն ծավալեց, անգամ Արցախի բլոկադայի ինն ամսվա ընթացքում։ 2023 թվականի սեպտեմբերին մեր հայրենակիցներն Արցախից բռնի տեղահանվեցին։ Նրանք հաստատվեցին մայր հայրենիքում։ Սկզբնական շրջանում նվագախումբը չէր գործում, իսկ 11 երաժիշտներն անգործ էին։ 2024 թվականին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը որոշում են վերագործարկել նվագախումբը։

Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հասմիկ Պապյանը։ Ինչպես նրանք են փաստում տարբեր հարցազրույցների ժամանակ, նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու նպատակով։ Այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ համերգներով հայաստանյան բեմերում, պատրաստվում է նաև հյուրախաղերի արտերկրում։ Նույն հարցազրույցների ժամանակ նշվում է, որ նվագախմբի երաժիշտների թիվը դարձել է 25-ը, ինչն առաջին հայացքից կարող է հրաշալի ցուցանիշ թվալ։ Երաժիշտներն անգործ չեն, ևս մեկ անգամ բեմից հնչում է «Արցախ» անունը, և, իհարկե, արցախյան մշակութային ժառանգությունը չի կորչում։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում նվագախումբը ունեցել է ֆինանսական դժվարություններ, և անգամ հղում էր արվում «Արցախ» անվանը, թե դա հովանավորներ փնտրելիս հավել յալ բարդություններ է ստեղծում, ապա հետագայում՝ 2025 թվականի հունվարից ՀԲԸՄ-ն շարունակել է իր աջակցությունը նվագախմբին, որպեսզի այն շարունակի իր կարևոր առաքելությունը՝ պահպանել և տարածել Արցախի մշակութային ժառանգությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե մի կողմ ենք դնում հարցի ոչ պակաս կարևոր, բայց հուզական կողմը և սկսում ենք ուսումնասիրել որոշ փաստերի, պարզում ենք հետաքրքիր մանրամասներ։ Օրինակ, ըստ «Փաստի» ունեցած տեղեկությունների, այս պահի դրությամբ նվագախմբում աշխատում է արցախցի մի քանի երաժիշտ, և բոլոր այն երաժիշտները, որոնք Արցախի՝ անգամ ծանրագույն պայմաններում չեն դադարել աշխատել, այս կոլեկտիվում չեն ընդգրկվել:

Մեր հարցերի պատասխանները՝ հերքումները կամ հավաստիացումները, կարող էր տալ, օրինակ՝ նվագախմբի գեղարվեստական նախկին ղեկավար Գևորգ Մուրադյանը։ «Փաստը» կապվեց պարոն Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեփական ցանկությամբ, տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, հրաժարվել է նվագախմբի հետ աշխատանքից, որևէ այլ հարցի հետ կապված մեկնաբանություն տալ չցանկացավ։ Փորձեցինք զրուցել նաև նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի հետ։ Ավաղ, մեր զանգերը մնացին անպատասխան, նամակները՝ կարդացված, բայց նույնպես անպատասխան։

Որոշակի հարցադրումներ ուղղեցինք նաև ՀԲԸՄ-ին։ Օրինակ՝ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նոր գեղարվեստական ղեկավարի առջև դրվել է խնդիր արցախցի երաժիշտներին նվագախմբում ներգրավելու, նրանց աշխատանքով ապահովելու առումով։ Հաջորդիվ հարցրել էինք, թե ՀԲԸՄ-ն ինչ-որ կերպ վերահսկո՞ւմ է, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները, ինչ սկզբունքով, և որքան են վարձատրվում երաժիշտները։ Ակնկալել էինք նաև ստանալ մեկ այլ կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացվել այն երաժիշտները, որոնք նույնիսկ 2024 թվականի հուլիսին դեռևս աշխատել են այս կոլեկտիվում: Հայկական ընդհանուր բարեգործական միությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որպես բարեգործական կազմակերպություն, «Աջակցություն Արցախին» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով դրանց վերագործարկմանը բռնի տեղահանությունից հետո։ Նշված նվագախումբը այդ ծրագրերից մեկն է։ Հարկ ենք համարում նշել, որ երբ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել նվագախմբի գործունեության վերականգնմանը, առաջարկ է արվել մաեստրո Գևորգ Մուրադյանին՝ շարունակել առաջնորդել նվագախումբը։ Միայն վերջինիս մերժումից հետո է հրավիրվել Նարեկ Հախնազարյանը։ Մեր կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր կամ կառավարման մարմին։ Բացի այդ, ՀԲԸՄ-ն չի միջամտում շահառու կազմակերպությունների ներքին գործընթացներին և չունի իրավասություն վերահսկելու դրանց ստեղծագործական, կազմակերպչական կամ կադրային որոշումները։ Ձեր հարցման մեջ ընդգրկված տեղեկատվությունը վերաբերելի է գլխավորապես շահառու կազմակերպությանը՝ ««Արցախ» կամերային նվագախումբ» հիմնադրամին։ Մեր վերահսկողությունը սահմանափակվում է միայն տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ»,-ասված էր ՀԲԸՄ-ի պաշտոնական պատասխանում:

Ստացվում է, որ նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընտրությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին և գեղարվեստական ղեկավարին։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև, թե ինչպես է ՀԲԸՄ-ն վերահսկում ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Կարելի է ենթադրել, որ այս պարագայում օգնության են գալիս տարեկան հաշվետվությունները։ Բայց թերևս անհասկանալի ու տարակուսելի է այն, որ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանում ասվում է, որ «կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր», մինչդեռ 2025 թվականի հունվարի 24-ին Ընկերության սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ փաստացի նշվում է՝ «Արցախի պետական կամերային նվագախումբը, որը հիմնադրվել էր ՀԲԸՄ-ի կողմից 2004 թվականին՝ խթանելու Արցախի մշակութային կյանքը, այժմ նոր էջ է սկսում Հայաստանում»:

Շուտով կլրանա երկրորդ տարին, երբ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի մշակութային ողջ ժառանգությունը։ Ցավով ենք արձանագրում սա, բայց չենք կարող նաև ջայլամի պես վարվել, Արցախի լինելիության վկայությունն ու մշակութային ժառանգության կրողներն այսօր բացառապես մարդիկ են՝ Արցախի մեր հայրենակիցները։ Միանշանակ է այն, որ Արցախի անունը պետք է մշտապես հնչեցնել, նրա ժառանգությունը պահպանել ու ապրեցնել սերունդների համար, բայց դա պետք է անել նախ և առաջ արցախցու օգնությամբ։ Ու այստեղ կարևոր և առանցքային բառն է «պահպանել» և ոչ թե «օգտագործել»: Այս կարևոր առաքելությանը կարող է ու պետք է ծառայի «Արցախ» նվագախումբը։ Բայց իրականությունն այնպիսին է, որ Արցախի անվան ներքո գործող, այդ անունը հնչեցնող և նրա մշակութային ժառանգությունը «պահպանել» փորձող նվագախմբում այսօր ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։ Այս հարցում չենք կարող սլաքները չուղղել նաև դեպի ՀԲԸՄ, որը ֆինանսավորում է նվագախմբին։ Մեր կարծիքով, նա պետք է հետամուտ լիներ այս կարևոր հարցին։ Երբ ներդրում ես կատարում անգամ փոքր նախաձեռնության մեջ, ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ուր են ուղղվում քո միջոցները։ Ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել Արցախի անունը կրող նվագախմբում և առնվազն հարցեր չառաջադրել գեղարվեստական ղեկավարին։ Նպատակը ո՞րն է այս նվագախմբի, և որո՞նք են ՀԲԸՄ ֆինանսավորման նպատակային ծախսերը: Մեզ գուցե հակադարձեն, թե երաժիշտները չեն ունեցել համապատասխան մասնագիտական որակավորում, դրա համար չեն ընդգրկվել նվագախմբի նորացված կազմում։ Իսկ գուցե այս դեպքում պետք էր կատարելագործել նրանց կատարողական հմտությունները։ Արցախցիները պետք է լինեն իրենց բնօրրանի մշակութային ժառանգությունը պահպանողը, և ինչ-ինչ պատճառներով նրանց նվագախմբի կազմից դուրս թողնելը տարբեր վարկածներ կարող է առաջ բերել՝ կապված նպատակների հետ. իրապես պահպանել և տարածել Արցախի մշակութային արժեքները և ժառանգությունը, թե՞ ստեղծել թյուր կարծիք, որ «Արցախ» անունը չի օգնում գումար հավաքագրել: Միգուցե բոլորը չեն ՀԲԸՄ-ի պես դյուրահավատ և հասկանում են, թե ինչ է այս դեպքում արվում Արցախ անվան շուրջ: Եվ այս պարագայում նույնիսկ մի կողմ ենք թողնում այն, որ կա նաև հարցի ֆինանսական կողմը, Արցախից բռնի տեղահանված երաժիշտների համար այդ աշխատանքը նաև ֆինանսապես ոտքերի վրա ամուր կանգնելու միջոց էր լինելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն։ Ամենակարևորն այն է, որ Արցախի անունը կրող նվագախմբում մեծ մասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement