Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Վեհարան արշավելուն
ANALYSIS
Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավանքը մոտենում է հանգուցային կետի։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, թե «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։ «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ և պատրաստվեք մեծ հոգևոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը՝ փաստացի հաստատելով, որ իր կողմնակիցներին անձամբ հրավիրելու է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք, որտեղից էլ արշավելու է դեպի Վեհարան։
Ընդ որում, նման ստոր արարք կատարելուց առաջ իշխանական քարոզչամեքենան նաև կեղծիքներ է տարածում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, փորձելով այդ կերպ հիմքեր նախապատրաստել իրենց հանցավոր գործունեության համար։ Իշխանությանը ծառայող տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածել, իբր վերջին օրերին Վեհարանի տարածքից արկղերով փաստաթղթեր են հեռացնում։ Նման մի ալիք էլ հայտարարել է, թե կաթողիկոսն իր եղբոր միջոցով բանակցություններ է վարել Սերգեյ Կիրիենկոյի գրասենյակում, ինչպես նաև աջակցություն է խնդրել պատրիարք Կիրիլից Փաշինյանի դեմ պայքարում։ Նշում են, թե այս խնդրանքն իբր դրական է ընդունվել, ասել են, թե Փաշինյանի դեմ պետք է պայքարել միասնական ճակատով։
Ըստ էության, Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել ամեն գնով հեռացնել Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնելու։ Ինչպե՞ս կպատասխանի հավատացյալ ժողովուրդը և ՀՀ քաղաքացին, պարզ կդառնա առաջիկայում։
Նարինե Օհանյան




















































