Սամբել Բաբայանի «թարս աճած խիյարը»
ANALYSIS
Հայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է 27 տարի առաջ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախկին փոխնախարարի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից 3-ը դեմքին, 2-ը՝ կրծքավանդակին, ինչի հետևանքով Խորխոռունին մահացել էր։ Միայն 27 տարի անց հայտարարվել է, որ գործով 4 անձինք են անցնում, ընդ որում, եթե Քննչական կոմիտեն միայն անուն-ազգանունների առաջին տառերն է հայտնում, մամուլին հաջողվել է պարզել, որ գործով անցնում են Սասուն Առուշանյանը, Արթուր Առաքելյանը, Հրայր Նարիմանյանը և Արայիկ Նարիմանյանը։
Ձերբակալվածը Սասուն Առուշանյանն է, ըստ հաղորդագրության սպանության կազմակերպիչը, որը, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։ Քրեական գործը, ի դեպ, հարուցվել է հենց Սամվել Բաբայանին դիմումի հիման վրա։ Մեկ ամիս առաջ նա դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու իրեն մեր վերագրվող տարբեր մեղադրանքների կապակցությամբ։ Իրավապահներն էլ ձերբակալել են նրա թիկնազորի նախկին պետին՝ փաստացի այս կերպ ոչ միայն հերքելով, այլ ավելի խորացնելով Սամվել Բաբայանին հնարավոր ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունները։
Ըստ էության, սա Արցախի պաշտպանության նախկին նախարարի դեմ կոմպրոմատներ հավաքելու հերթական քայլն է։ Բաբայանը տևական ժամանակ դուրս է եկել Փաշինյանի վերահսկողության տակից և փորձում է սեփական խաղը խաղալ։ Եվ այժմ նրան պարզապես բացատրում են, թե որը որից հետո է։
Լիլիթ Իփակյան




















































