Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Միլենա Վարդանյանի կյանքում ամեն ինչ փոխվեց մի երեկո՝ Երևանի Ստանիսլավսկու թատրոնում, մի միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Բելգիայի դեսպանատունը։ Հենց այդտեղ նա առաջին անգամ տեսավ Էնդրյու Թըրներին՝ Կանադայի դեսպանին Հայաստանում, ու սկսվեց նրանց սիրո յուրահատուկ պատմությունը։ Դերասանուհին իրենց սիրո պատմության մանրամասները վստահել է Tert.am Life-ին։
«Նրա մեջ միանգամից զգացի ներքին բարություն ու հմայք։ Շատ կիրթ, մեղմ մարդ էր։ Զրույցը շատ բնական ստացվեց», -պատմեց Միլենան։
Նրանց հաջորդ հանդիպումը եղավ Գյումրիում՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակներում։ Այս այցը դարձավ շրջադարձային։
«Նրա մեջ ամենից շատ գնահատեցի վստահությունը սեփական քայլերի մեջ, հանգստությունն ու այն, որ նա շատ հստակ պատկերացում ուներ մեր ապագայի մասին։ Դա ինձ մեծ վստահություն տվեց»,-Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ Միլենան։
Երբ փառատոնի վերջում՝ համերգից հետո, Էնդրյուն անակնկալ առաջարկեց նրան ամուսնանալ, Միլենան ապշած էր։
«Մենք ընդամենը մեկուկես ամիս էինք ճանաչում միմյանց։ Բայց գիտե՞ք, երբ զգում ես՝ նա քո մարդն է, ժամանակը դառնում է երկրորդական», -ժպտալով պատմեց նա։
Զույգը որոշեց անցկացնել դասական հարսանիք՝ համեստ, բայց գեղեցիկ։ Այժմ նրանք ապրում են հետաքրքիր, ակտիվ կյանքով։
«Հաճախ ենք մասնակցում տարբեր միջոցառումների, ու ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում թե՛ աշխարհի, թե՛ ինձ համար», -կիսվում է դերասանուհին։
«Մեր հարաբերություններում ներդաշնակություն ու պարզություն է։ Մենք ունենք նման դաստիարակություն, ու նույն տեսակետները կյանքի մասին։ Դա շատ է օգնում»,- ասաց դերասանուհին։
Ի դեպ, Էնդրյուն արդեն սկսել է սովորել հայերեն, և Միլենայի խոսքով՝ միանգամայն լավ է ստացվում։ Նրանք սիրում են ճամփորդել, բացահայտել նոր վայրեր ու կիսվել այդ զգացողություններով։ Ու արդեն ձևավորել են իրենց ընտանեկան ավանդույթը՝ նշել երկու Սուրբ Ծնունդ. առաջինը՝ կաթոլիկ, իսկ հետո՝ հայկական։ Ինչ վերաբերում է Միլենայի կարիերային՝ հարսանիքից հետո անմիջապես նկարահանվեց «Կոլեկտիվ» սիթքոմի առաջին եթերաշրջանում։
«Իհարկե, շարունակում եմ նկարահանվել, սպասում եմ նոր հետաքրքիր առաջարկների։ Միշտ ցանկացել եմ խաղալ պատմական ֆիլմում։ Հուսով եմ՝ կգա նաև այդ պահը»,- եզրափակեց դերասանուհին։




















































